Բարու շղթա. ինչպես ծնվեցին Սուրբ Նիկողայոսի 100 սրբապատկերները

Բարու շղթա. ինչպես ծնվեցին Սուրբ Նիկողայոսի 100 սրբապատկերները

Հարցազրույց գեղանկարչուհի Արեւ Պետրոսյանի հետ

– Պատերազմից հետո առաջին արվեստագետներից էիք, համենայնդեպս կերպարվեստի ոլորտում առաջինը, որ անհատական ցուցահանդեսով հանդես եկաք Արցախում։ Իհարկե, դա ողջունելի է, բայց այսօր արցախցին առաջնահերթ կենսական հոգսերը թողած, «սիրտ ունե՞ր» շփվել, թեկուզ ձեր դեպքում՝ բարձր արվեստի հետ։

– Պատերազմից հետո, բնականաբար, բուռն չէր կարող լինել արցախյան մշակութային կյանքը։ Ես չեմ կարող ասել՝ առաջինն էի, թե ոչ, բայց եղբայրս՝ Վահագն Հայրապետյանը ունեցել է համերգներ, նաեւ անցկացրել վարպետության դասեր Արցախում։ Նախ՝ ցուցադրությանս խորագիրն էր՝ «Ապրենք, որ ապրեցնենք», երկրորդ՝ հենց այսօր է պետք գտնվել արցախցու կողքին եւ երրորդ՝ ինձ համար շատ կարեւոր՝ իրականացնել «Բարու շղթա» ակցիա։ Այս երեք հիմնական գաղափարների շուրջ ցուցահանդեսս կարծես առաջնայինը չէր։ Տասն օր գտնվելով Արցախում, կազմակերպեցի նաեւ հանդիպումներ, իսկ արցախցին ունի պինդ հոգի ու ոգի եւ միանշանակ անկոտրում է։ Ցուցահանդեսիս բացումը մարդաշատ էր։ Ինչ խոսք, այդ առիթով ունեմ շնորհակալությունների տարափ՝ ուղղված տեղի մշակույթի նախարարությանը, ընկերներիս, բարեկամներիս, որոնց աջակցությունը զգում էի ամեն րոպե։ Ամեն ինչ առավել քան հուզիչ էր։ Մոտենում էին, գրկախառնվում, հուզվում, նույնիսկ արտասվում, շնորհակալություն հայտնում… Աշխատանքներիս ցուցադրությունը դեռեւս շարունակվում է, բայց ես 10 օրից վերադարձա, իսկ հիմա մտածում եմ՝ գուցե մշակութային տարբեր ոլորտների գործիչներ՝ անհայտ եւ հայտնի, համախմբվենք, անցկացնենք ֆլեշ մոբ եւ, որ ամենակարեւորն է՝ ժամանակ գտնենք ու այցելենք Արցախ։ Այսօր շատ կարեւոր է բոլորիս լինելիությունն այնտեղ։

– Մանրամասնեք, խնդրեմ, «Բարու շղթա» ակցիան։

– Բարեգործական այս ակցիայի գաղափարը ծնվեց այն օրը, երբ որոշեցի ցուցահանդեսով ներկայանալ Արցախում, հասկանալով, որ միայն աշխատանքներիս ցուցադրությամբ պետք չէ սահմանափակվել…Ու ծնվեց գաղափար՝ վրձնել Սուրբ Նիկողայոսի 100 սրբապատկեր՝ Դադիվանքի հայտնի որմնանկարից ու վաճառել, հասույթն էլ ուղղել Գյուրջյանի կիրառական արվեստի ակադեմիան մասնագիտական գույքով վերազինելուն։ Գիտեք, որ ակադեմիան գործում էր Շուշիում եւ պատերազմից հետո տեղափոխվեց Ստեփանակերտ։ Համոզված եմ՝ այս օջախը դեռ ծնելու է Սարյաններ ու Մինասներ, բայց այսօր կանգնած է դժվարությունների առջեւ։ Վստահ եմ, որ ընկերներիս, համախոհներիս օգնությամբ, այդ թվում՝ նաեւ Սփյուռքում բնակվող, կիրականացնենք մտահղացումս։

Տասն օրվա ընթացքում հետաքրքրությունն այնքան մեծ էր եւ ավելին՝ բարի մարդիկ այնքան շատ, որ 100 աշխատանքից վաճառվեց 50-ը։ Եթե խոսում ենք ակադեմիայի մասին, ապա նշեմ, որ այս գաղափարը հրաշալի օրինակ է արցախցի ուսանողների համար, կասեի՝ նույնիսկ պարտավորեցնող, որ իրենց աշխատանքով, արվեստով պատրաստ լինեն սատարելու պատուհասած ցանկացած աղետի։

– Ձեր հարցազրույցներում քանիցս ցանկություն եք հայտնել երեւանյան ձեր «Արեւ արտ» ցուցասրահի օրինակով պատկերասրահ հիմնել Շուշիում…

– Ես հիմա էլ վստահ եմ, որ այդ օրը կգա եւ այդ պատճառով է, որ արցախյան ցուցադրության խորհրդանիշ եմ ընտրել «Ապրենք, որ ապրեցնենք» կարգախոսը, ինչի շուրջ էլ, կրկնում եմ, համախմբեցի աշխարհի մեր հայրենակիցներին։

– Լուր ունե՞ք, թե Սփյուռքի ձեր արվեստագետ ընկերները, գործընկերները ինչ գաղափարներով եւ ձեռնարկներով են պատրաստվում հանդես գալ Արցախում։

– Իհարկե՝ ունեմ։ Նրանք գիտակցելով պահի լրջությունը, արդեն հանդես են եկել բազմազան ծրագրերով, ընդ որում՝ ոչ միայն մշակութային։ Դրանք չեմ թվարկի, որովհետեւ երկար ժամանակ կպահանջվի։ Անպայման ուզում եմ նշել, որ իմ հարստությունն, իսկապես, ընկերներս են, որոնք ցանկացած առիթի դեպքում կանգնած են եղել մեր կողքին, այսօր՝ առավել եւս։

– Ցանկալի կլիներ, որ մեր արվեստագետներից շատերը վարակվեին ձեր այս նախաձեռնությամբ։ Բարեգործությունը ձեզ համար վաղուց ապրելակերպ է դարձել, հետաքրքիր է՝ հասցնո՞ւմ եք ապրել պարզապես ձեզ համար։

– Իհարկե։ Դա այն ժամերն են, երբ ստեղծագործում եմ արվեստանոցում, նախընտրածս երաժշտության հնչյունների ուղեկցությամբ… կամ էլ հաճախ փախուստով դեպի բնություն։ Այ, հենց այդ ժամանակ ես ապրում եմ ինքս ինձ համար, իմ ստեղծագործ լռությամբ։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում