Այս պահին կրակոցներ չկան․ Արմաշի և Սուրենավանի գյուղապետերը՝ սահմանային իրավիճակի մասին

Այս պահին կրակոցներ չկան․ Արմաշի և Սուրենավանի գյուղապետերը՝ սահմանային իրավիճակի մասին

Պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրեց՝ ժամը 03:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ ժամը 11։30-ից սկսած՝ հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում։ Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։

Ավելի ուշ եղավ նաև ահազանգ՝ թշնամին կրակում է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան գյուղերի ուղղությամբ։ 168.am-ը կապ հաստատեց այս համայնքների ղեկավարների հետ՝ տեղեկանալու մանրամասներին։

Մեզ հետ զրույցում Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը հերքեց տեղեկությունները, թե կրակոցներն անմիջապես գյուղի ուղղությամբ են՝ նկատելով․

«Չկա նման բան։ Մենք Երասխավանից վեց կիլոմետր հեռու ենք»։

Արմաշ համայնքի ղեկավար Հակոբ Զեյնալյանն էլ պարզաբանեց․

«Եթե կրակում են Երասխավանի ուղղությամբ, նշանակում է՝ նույն Արմաշի ուղղությունն է։ Տարբերություն չկա՝ Երասխավանի՞ ուղղությունն է, թե՞ Արմաշի կամ Սուրենավանի։ Այո, եթե կրակում են Երասխավանի ուղղությամբ, դա նաև Երևանի ուղղությամբ է․ Երասխավան, Արմաշ, Սուրենավան, այդպես, ու դեպի Երևան։

Այս պահին կրակոցներ չկան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում