Չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Նմանատիպ
Մենք, իհարկե, անում ենք այն, ինչ կարող ենք, որ երկու կողմերին կրկին վերադարձնենք Մինսկի խմբի ներքո բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև կարծում ենք, որ բանակցությունների միջոցով հարցը պետք է կարգավորվի: Այս մասին, ինչպես գրում է Tert.am-ը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին` անդրադառնալով հարցին՝ իր կարծիքով՝ Երևանն ու Բաքուն երբևէ կվերադառնա՞ն ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների ձևաչափ, երբ Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ Արցախի կարգավիճակի հարց չի քննարկում:
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն տարբեր առիթներով շատ հստակ շարադրել է մեր այս հանձնառությունը: Եվ, իհարկե, 30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել, սակայն կան հիմնավոր բաներ, որոնք մենք կարևորում ենք: Ինչպես նշեցի՝ մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է, և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում»,-ասաց նա:
Հարցին՝ երկխոսության նախադրյալներ տեսնու՞մ է ԱՄՆ-ն, Թրեյսին արձագանքեց «Ես չեմ ուզում կողմերի անունից խոսել, նախադրյալների մասին խոսել, բայց Հայաստանի կառավարությունը հստակ նշել է, որ ավելի լայնածավալ գործողությունների, քննարկումների չի անցնի, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել: Ինչպես գիտեք` ԱՄՆ-ն որոշակի քայլեր գործադրել է, մեր ռուսաստանյան գործընկերները ևս ջանքեր գործադրել են, և որոշակի հաջողություն ունեցել ենք: Մենք հույս ունենք, որ կգանք մի կետի, երբ բոլոր գերիները կվերադառնան»:
Ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի՝ չկա կատարյալ հարթակ, բայց Մինսկի խումբն ունի մանդատ, լեգիտիմություն: «Մենք դեռևս այն դիտարկում ենք բանակցությունների համար համապատասխան հարթակ»,-նշեց Թրեյսին:
Դիտարկմանը, թե ՀՀ ՄԻՊ-ը զեկույցը Ադրբեջանում հայ գերիների սպանությունների, խոշտանգումների վերաբերյալ զեկույց է ներկայացրել, և որն է Թրեյսիի դիրքորոշումը, վերջինս արձագանքեց.
«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին և բոլոր անհատներին հարգել մարդու հիմնարար իրավունքները: Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի ու այլ աղբյուրներից ստացված զեկույցներին, մենք ուշադիր հետևում ենք բոլոր նմանատիպ դրսևորումներին, շարունակելու ենք հետևել և համագործակցել բոլոր կողմերի հետ՝ նրանց կողմից մարդու իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար»,-ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում