ՌԴ-ի դեմ սանկցիաները կարող են Հայաստանում գազի ու հոսանքի թանկացմանը բերել

ՌԴ-ի դեմ սանկցիաները կարող են Հայաստանում գազի ու հոսանքի թանկացմանը բերել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, Times․am: Ռուբլու համարժեքի փոփոխության պարագայում կտատանվի ազգային արժույթի կուրսը, առաջինը՝ Ռուսաստանի Դաշնությունում, հետո՝ Հայաստանում։ Այս մասին 24News-ին ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

Ռուս-ուկրաինական ռազմական էսկալացյայի և ՌԴ սկսած հատուկ ռազմական գործողությունների ֆոնին Արևմուտքը խիստ սահմանափակումներ է կիրառել ռուսաստանյան բանկերի, դրամական ակտիվների, առանձին ազդեցիկ մեծահարուսների և քաղաքական գործիչների նկատմամբ։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերն այնպիսին չեն, որ ռուբլու արժեզրկումն այս պայմաններում բերի խիստ բացասական հետևանքների։ «Բացասական հետևանքներ կլինեն, որոնք հաղթահարելի են։ Մասնավորապես, մեր դրամային իշխանությունները, Կենտրոնական բանկը կարող են դիմակայել դժվարություններին։ Մեզ մոտ արդեն իսկ ապրանքների թանկացում կա, գնաճն ընդահանրապես չի կասեցվում այս պահի դրությամբ։ Պատժամիջոցները, որ չլինեին էլ, գնաճը շարունակաբար աճելու էր։ Այս պահին ինչ-որ չափով, որոշակիորեն այդ տեմպը կմեծանա», – ընդգծեց նա։

Պրոֆեսորի խոսքերով՝ այս սանկցիաները հենց Արևմուտքի համար էլ են վնասակար։ «Արևմուտքում շրջանառության մի ստվար զանգվածը թե՛ նյութական, թե՛ ֆինանսական առումով ուղակիորեն պայմանավորված է ՌԴ-ով։ Հիմա փաստորեն դա իրենց էլ է վնաս բերում։ Իրենք գիտեն դրա մասին, բայց ուրիշ միջոց չունենալու պարագայում ուզում են վնաս պատճառել ՌԴ-ին»։

Բոստանջյանը կանխատեսում է, որ գազն ու հոսանքը կարող են կրկին թանկանալ Հայաստանի համար։ «Բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետության համար ուղղակի կամ անուղղակի սանկցիաները բերում են բացասական հետևանքների։ Բայց այս բացասական հետևանքերը չեն կարող լինել այնպիսին, որ այդ պարագայում մենք չկարողանանք դիմակայել», – եզրափակեց տնտեսագիտության դոկտորը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում