Բերման ենթարկելուց հետո ասել են, որ պետք է ձեռքերս ոլորեն, նկարեն․ Կարապետ Պողոսյան

Բերման ենթարկելուց հետո ասել են, որ պետք է ձեռքերս ոլորեն, նկարեն․ Կարապետ Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, Times․am: Գյումրեցի ընդդիմադիր գործիչ, իրավաբան Կարապետ Պողոսյանն այսօր ոստիկանության Մուշի բաժանմունք է բերման ենթարկվել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին «Ծանր վիրավորանք» հասցնելու կասկածանքով։ Այս մասին 24News-ին ասաց Պողոսյանը։

Նա հայտնեց, որ բաժանմունք տեղափոխելուց հետո ոստիկանները նրա ձեռքերը ոլորել ու նկարահանել են։ «Ձեռքիս վրա կա փակ կոտրվածք, ինձ բերման են ենթարկել Նազելի Բաղդասարյանի ցուցումով՝ կասկածելով ծանր վիրավորանք հասցնելու մեջ։ Բերման ենթարկելիս ոստիկանները տարել են շատ հանգիստ, ես իրենց բոլոր օրինական պահանջները կատարել եմ, իրենց մեքենան նստել եմ և այլն, բայց այնտեղ հասնելուց հետո ինձ ասել են, որ պետք է ձեռքերս ոլորեն, նկարեն։ Այնտեղ մեկն ինձ նկարում էր (իրենց պատկերացմամբ ինձ փորձել են ստորացնել, իհարկե յուրաքանչյուրը պատասխան է տալու այդ արարքի համար)՝ այդ պահը Նազելիին ուղարկելու համար, այսինքն՝ իմ նկատմամբ ոչ իրավաչափ բռնությունը, որի հիմքերը բացարձակ չունեին», – նշեց ընդդիմադիր գործիչը։

Նա ասաց, որ այսօր վկա-կասկածյալի կարգավիճակով է հարցաքննվել։ «Քրեական գործ հարցուցվել էր մեկ այլ հրապարակման շրջանակներում ևս, որի մասով ես արդեն բացատրություն տվել էի։ Այսօր նույնպես քրեական գործ հարուցվել է՝ «Ծանր վիրավորանք» հասցնելու հոդվածով, նաև ոստիկանությունից դուրս գալուց հետո ինձ հրավիրեցին քննչական կոմիտե՝ հարցաքննության նպատակով։ Սա հստակ քաղաքական հետապնդում է, մարդու իրավունքների խախտում, խոսքի ազատության սահմանափակում։ Ստանդարտ խայտառակություն, որը մի քանի ամիս Հայաստանում տիրում է»։

Ոստիկանությունից 24News-ին հայտնեցին, որ Պողոսյանը նախապատրաստվող նյութերի շրջանակներում է բերման ենթարկվել, հետո՝ ազատ արձակվել և որևէ կարգավիճակ չունի։

Կարապետ Պողոսյանն ասաց, որ այսօրվա բերման ենթարկելու պատճառը երեկվա իր ֆեյսբուքյան գրառումն է եղել։ «Նշել էի, որ տիկին մարզպետուհին հուզվել է և չգիտի, թե ես ինչու եմ հրապարակում ժողովրդի բողոքները։ Իսկ սրանից 2 շաբաթ առաջ գրառում կար «քեմալական սովածների» մասով, այդ մասով էլ իմ նկատմամբ քրեական գործ էր հարուցվել», – եզրափակեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում