Ուկրաինան կրկին կբանակցի ԵՄ-ի հետ

Ուկրաինան առանց հետաձգելու բանակցություններ կսկսի Եվրամիության հետ ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության կառավարության ղեկավար Նիկոլայ Ազարովը: «Եվրոպացի գործընկերների հետ մենք կխոսենք փաստերի եւ թվերի լեզվով: Չի կարելի թերագնահատել ռիսկերը»,- ասել Է վարչապետը նախարարների կաբինետի նիստում:Նա խնդիր Է դրել համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացնել «շատ սեղմ ժամկետում»: «Դա կառավարության յուրաքանչյուր անդամի գործն Է: Մենք փետրվարին պետք Է ունենանք ԵՄ-ի հետ համագործակցության զարգացման եւ Ռուսաստանի հետ կոորդինացման պատկերը»,-ընդգծել Է Ազարովը:

Ուկրաինայի կառավարության ղեկավարը վստահ Է, որ 2014 թվականն Ուկրաինայի համար ավելի լավը կլինի, քան նախորդը: «Վստահորեն կարելի Է ասել, որ այս տարին ավելի լավը կլինի: Մենք ամեն ինչ ունենք, որպեսզի սկսված տարին դառնա կայունության եւ զարգացման տարի, ինչը հնարավոր Է հասարակության կոնսոլիդացման պայմաններում»,-ասել Է վարչապետը: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նա հավաստիացրել Է, որ 2014 թվականին երաշխավորված են ուկրաինական արժույթի փոխարժեքի կայունությունը եւ աշխատավարձերի բարձրացումը:

Նախօրյակին Նիկոլայ Ազարովն կարծիք Է հայտնել, որ երկրում շարունակվող բողոքի զանգվածային ակցիաները կարող են հանգեցնել միայն վնասների ու ավերածությունների: «Բարիկադներից երկրում չի ավելանա ոչ միսը, ոչ հացը, ոչ կարագը, ոչ լողավազանները: Կլինեն միայն վնասներ ու ավերածություններ»,-ասել Է նա: Դրա հետ մեկտեղ վարչապետը նշել Է, որ երկրում «չափազանց շատ են այն մարդիկ, ովքեր բացառապես զբաղվում են խոսակցություններով, այլ ոչ թե գործով»: «Եթե շատախոսենք, միմյանց մեղադրենք, դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա»,-հավելել Է նա:

Ուկրաինայի եվրաինտեգրացման կողմնակիցները Կիեւի Անկախության մայդանից չեն հեռանում այն ժամանակվանից, երբ նոյեմբերի վերջին Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը կասեցնելու իր որոշման մասին: Բողոքի ակցիայի մասնակիցները բարիկադներ են կառուցել Մայդանում՝ քաղաքի ամենակենտրոնական շրջանում, վրաններ կանգնեցրել երթեւեկելի մասում: «Եվրամայդանի» մասնակիցներն ավտոմեքենաներով նաեւ պարբերաբար պիկետում են իշխանության ներկայացուցիչների տները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում