Բաշար Ալ-Ասադ. Սիրիայի դեմ տեղեկատվական պատերազմ է իրականացվում
Նմանատիպ
Ինչպես հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը, փետրվարի 26-ին Սիրիայի նախագահ Բաշար Ալ–Ասադը տիկնոջ` Ասմա Ալ–Ասադի հետ Դամասկոսի հեռուստառադիոընկերությունում քվեարկել է Սիրիայի Արաբական Հանրապետության նոր սահմանադրության օգտին:
Քվեարկությունից հետո Ալ–Ասադը հանդես է եկել հայտարարությամբ` ողջունելով սիրիական լրատվամիջոցների մեծ ջանքերը և կարևորելով առհասարակ սիրիական հեռուստատեսության և լրատվամիջոցների առաջընթացը:
«Այնուամենայնիվ համեմատություններ միշտ արվում են. սիրիական լրատվամիջոցը, որը հիմնականում պաշտոնական մամուլն է, համեմատվում է այլ երկրների ոչ պաշտոնական լրատվամիջոցների հետ»,- ասել է Սիրիայի նախագահը` այդ համեմատությունը անվանելով «սխալ, ոչ օբյեկտիվ և անթույլատրելի»:
Նախագահ Բաշար Ալ– Ասադը նշել է, որ միայն պաշտոնական լրատվամիջոցները կարելի է համեմատել միմյանց հետ, քանի որ պաշտոնական լրատվամիջոցների նպատակներն ու խնդիրները մեծապես տարբերվում են մասնավոր լրատվամիջոցներից:
«Եթե համեմատենք սիրիական այժմյան պաշտոնական լրատվամիջոցները տարածաշրջանի իրենց գործընկերների հետ, հավատացած եմ, որ սիրիականները լավագույնն են»,-ընդգծել է նախագահը` ավելացնելով. «Այնուամենայնիվ մենք չենք պատրաստվում համեմատվել մեզնից ցածրների հետ. պետք է համեմատվել միայն նրանց հետ, ովքեր ավելի լավն են»:
Նախագահը նաև նշել է, որ Սիրիան ենթարկվում է ԶԼՄ-ների հարձակումներին. «Սակայն լրատվամիջոցները, անկախ իրենց կարևորությունից, չեն կարող գերազանցել իրականությանը: Նրանք կարող են հզոր լինել տիեզերքում, իսկ մենք հզոր ենք երկրի վրա: Մենք կհաղթենք և՛ երկրում, և՛տիեզերքում»,- ավելացրել է Սիրիայի նախագահը:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին հանրաքվեի դրված նոր սահմանադրության շուրջ առկա են լուրջ տարակարծություններ. Սիրիայի ընդդիմադիր ուժերը, ովքեր ի սկզբանե պահանջում էին նոր սահմանադրություն, այժմ հայտարարում են, որ միայն Բաշար Ալ–Ասադի հեռանալը երկրում խաղաղություն կհաստատի:Նաև հավելենք, որ նոր սահմանադրությամբ երաշխավորվում է բազմակուսակցական համակարգը երկրում, Սիրիայի քաղաքացիների անվտանգությունը և իրավունքները, ինչպես նաև Սիրիան հայտարարվում է «ժողովրդավարական հանրապետություն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում