Սեպտեմբերի 3-8-ը Հայաստանում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններ կանցկացվեն

«ՀԱՊԿ կառավարման մարմինների և Հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կազմավորման օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2012թ. ծրագրի» համաձայն 2012թ. սեպտեմբերի 3-ից 8-ը Հայաստանի Հանրապետության տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի /ԱԱՀՈՒ/ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունները:

«Փոխգործակցություն-2012» զորավարժությունների թեման է «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կիրառումը Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ»:

Զորավարժությունների նախապատրաստման և անցկացման ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը: Զորավարժությունների ղեկավարման շտաբի կազմը որոշում է հայկական կողմը` ՀԱՊԿ Միավորված շտաբի համակարգմամբ` ներառելով ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարությունների, շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների, ԱԱՀՈՒ ազգային զորակազմերի հրամանատարության, ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր պետությունից ներգրավվող զորքերի /ուժերի/ ներկայացուցիչներին:

Զորավարժությունների մտահղացման հիմքերի, մասնակիցների կազմի, զորավարժություններում ներգրավվող զորքեր /ուժերի/ և միջոցների, ղեկավարման կազմակերպման համաձայնեցման և զորավարժությունների ծրագրի լրամշակման նպատակով 2012թ. փետրվարի 28-ից մարտի 1-ը Երևանում կկայանան զորավարժությունների առաջին շտաբային բանակցությունները` ՀԱՊԿ անդամ-պետությունների պատվիրակությունների, ՀԱՊԿ քարտուղարության և Միացյալ Շտաբի, ՀՀ շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում