Կյանքը լուսնի վրա. 2030 թվականին մարդիկ կկարողանան հեշտությամբ տիեզերական տվյալներ օգտագործել
Նմանատիպ
Տասնամյակներ շարունակ տիեզերքի ուսումնասիրությունն առաջիկա տարիներին իր տեսանելի և շոշափելի պտուղները կթողնի մոլորակի բնակչության վրա։ Գուցե հենց առաջիկա տասնամյակում Երկիր մոլորակ-տիեզերք և հակառակ ուղղությամբ մարդկության «գնալն ու գալը» մենք չտեսնենք միայն ֆանտաստիկ ֆիլմերում։
KPMG Australia ընկերությունը ոլորտային ուսումնասիրություն է իրականացրել տիեզերքի հետախուզման հեռանկարների վերաբերյալ: Տիեզերքն ուսումնասիրող համաշխարհային առաջատար կազմակերպությունների մեծ մասը վստահ է, որ «տիեզեարական տարածքը» շուտով հասանելի կդառնա հասարակ մարդկանց համար, իսկ այնտեղից ստացվող տվյալները լայնորեն կօգտագործվեն բիզնեսում և կօգնեն բեկումներ մտցնել մի շարք ոլորտներում։
KPMG Australia-ի իրականացրած ուսումնասիրությունների շրջանակում Earth Observation Company Planet-ի Եվրոպական հարցերի ավագ տնօրեն Ագնեշկա Լուկաշչը հայտարարել է, որ արդեն 2030 թվականին մարդիկ կկարողանան տիեզերական տվյալները օգտագործել նույնքան հեշտությամբ, որքան ինտերնետը սմարթֆոններում։ «Արհեստական ինտելեկտի միջոցով մենք կարող ենք ինդեքսավորել Երկիրը այնպես, ինչպես Google-ը ինդեքսավորում է ինտերնետը»,- նշել է Լուկաշչը:
Իսկ Բրիտանական տիեզերական գործակալության միջազգային տնօրեն Էլիս Բանը նշել է, որ մինչև 2030 թվականը կստեղծվի վիրտուալ ճանապարհորդության հնարավորություն՝ VR տեխնոլոգիայով։ «Հուսով եմ, որ մինչև 2030 թվականը դեպի լուսին թռիչքը սովորական կդառնա»,-նշել է Էլիս Բանը։
Իհարկե կան նաև հակառակ կարծիքներ. ամերիկյան Blue Origin տիեզերական հետախուզական ընկերության տնօրեն Արիան Քորնելը նշել է, որ առաջիկա տասը տարիների ընթացքում տիեզերական զբոսաշրջությունը հասանելի չի դառնա մարդկանց լայն շերտերի համար։
Իսկ Bryce Space and Technology-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Կարիսա Քրիստենսեն էլ նշել է, որ արբանյակային կապի, նավիգացիոն և դիրքորոշման համակարգերի զարգացումը կօգնեն անգամ քաղաքական որոշումների կայացման հարցում։
Կարծիքներ են հայտնել նաև Analytical Space-ի համահիմնադիր և գործադիր տնօրենը, Voyager Space Holdings-ի գործադիր տնօրենը, NASA-ի 14-րդ փոխնախագահը, NASA-ի Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի ներկայացուցիչներ, Woodside Energy-ի տեխնոլոգիայի փոխնախագահը, Fleet Space Technologies-ի գործադիր տնօրենը, շատ այլ ընկերություններ, որոնք մինչև 2030 թվականը նույնպես սպասում են «տիեզեարական նոր նվաճումների»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում