Անօդաչուների պատերազմ․ Մոսկվան ու Կիևը հայտնում են ԱԹՍ-ների հարձակումների մասին
Նմանատիպ
Մայիսի 29-30-ի գիշերը Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների 15 ամիսների ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման է ենթարկվել։
Ռուսական պաշտոնական տարբեր մարմիններ հաղորդում են 8-ից մինչև 30 ԱԹՍ-ների մասին։ Նշվում է, որ դրանց մեծ մասը խոցվել է ՀՕՊ միջոցների կողմից։
Մեկ թռչող սարք հարվածել է Պրոֆսոյուզնայա փողոցի 98 հասցեում գտնվող բնակելի շենքի վերին հարկերին։ Քանդվել են տան ճակատն ու պատուհանները։ Տուժածներ չկան, մեկ այլ միջադեպ է գրանցվել Ատլասովի փողոցում գտնվող 24-հարկանի բնակելի շենքում։
Ռուսաստանի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ուկրաինական թռչող սարքերի նպատակը եղել են Մոսկվայի քաղաքացիական օբյեկտները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը կատարվածը մեկնաբանել է որպես հերթական ապացույց այն բանի, որ Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կողմից իրականացվող «Հատուկ օպերացիան պետք է շարունակվի»։
Կատարվածը մեկնաբանել են նաև Կիևում․
«Մենք թևակոխում ենք արհեստական ինտելեկտի դարաշրջան: Թերևս ոչ բոլոր անօդաչու սարքերն են պատրաստ հարձակվել Ուկրաինայի վրա և ցանկանում են վերադառնալ իրենց ստեղծողների մոտ և համապատասխան հարցեր տալ. «Ինչո՞ւ եք մեզ ուղարկում սպանելու ուկրաինացի երեխաներին։ Մեզ համար ավելի կարևոր են ռուսական անօդաչու սարքերի հարձակումները մեր տարածքում, մասնավորապես Կիևի վրա, որը գրեթե ամեն օր գրոհների է ենթարկվում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Լրագրողի ուղիղ հարցին՝ արդյոք Ուկրաինան կապ ունի Մոսկվայի և Մոսկվայի շրջանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետ, Պոդոլյակը պատասխանել է, որ երկրում «հաճույքով են նայում» տեղի ունեցողին և կանխատեսում են հարձակումների քանակի աճ, բայց Կիևը «իհարկե, ուղղակի կապ չունի նրանց հետ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում