Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան
Նմանատիպ
Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին տեղեկացրել է Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքների մասին, հաղորդում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։
«Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը միջազգային դատարանին ծանուցել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ երեկ և այսօր Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորուստների վտանգի մասին»,- ասվում է ներկայացուցչի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Լայնամասշտաբ հարձակման պատճառով Ստեփանակերտում ավիրվել են նաև քաղաքացիական կառույցներ, վիրավորվել և զոհվել են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ղարաբաղում «տեղական հակաահաբեկչական միջոցառումների» հաջող շարունակման և հայկական զինված ուժերի մարտական դիրքերի և զինտեխնիկայի ոչնչացման մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում