Փաշինյանի «երաժշտական փոստարկղի» ամերիկյան ակունքները

Փաշինյանի «երաժշտական փոստարկղի» ամերիկյան ակունքները

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը սկսել  տեղադրել տեսագրություններ, որտեղ պարզապես ինչ–որ բան է անում՝ հայտնի երաժշտության ներքո։ Սա հարց է, որը հետաքրքրում է շատերին։

Արդեն մի քանի ամիս է՝ բոլորիս առավոտը սկսվում է Նիկոլ Փաշինյանի կողմից անոնսվող միատոն տեսանյութերի հրապարակմամբ, որտեղ նա տարբեր երգերի ներքո մարդկանց «սրտիկներ» է ուղարկում և «բարի լույս» է մաղթում։ Շատերը սա դիտարկում ու մեկնաբանում են տարբեր կոնսպիրոլոգիական ու դավադրապաշտական տեսությունների շրջանակում, սակայն դա ավելի շատ պրիմիտիվության արդյունք է և ունի բուն պատճառ ու իրական ակունքներ։

Եթե հիշում եք, Փաշինյանը իր «երաժշտական փոստարկղը» սկսեց օգոստոսին՝ ԱՄՆ կատարած այցից հետո, և դա բնավ պատահական չէ, քանի որ այս թեման «եփվել» է հենց ԱՄՆ-ում՝ PR մասնագետների անմիջական ուղղորդմամբ։ Պարզվում է՝ Փաշինյանին այնտեղ հասկացրել են, որ հանրային մարդիկ պետք է ճիշտ աշխատեն սոցիալական ցանցերում, հորդորել են, որ ավելի «իրական» լինի։

Փաշինյանը հանդիպել է Edelman գործակալության PR-խորհրդատուների հետ (սա աշխարհի ամենախոշոր PR-գործակալությունն է), և նրանք քննարկել են վերջինիս PR-մոտեցումները։ Խորհրդատուները մի քանի գաղափարներ են առաջարկել (հետաքրքիր է, նրանք դա կոչում են «սոցցանցերի աուդիտ»), որից հետո եկել են նաև Երևան։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նրանք Փաշինյանին խորհուրդ են տվել լինել ավելի պարզ ու անմիջական։ Ավելին, բառացիորեն ասել են. «Քաղաքականությունը ինքնին արդեն բարդ է, ցույց տվեք, որ սովորական մարդկանց նման պարզապես անում եք այն, ինչ բոլորն են անում։ Վերջիվերջո՝ պարզապես հրապարակեք տեսանյութեր, որտեղ լսում եք ձեր սիրած երաժշտությունը, որովհետև բոլորն էլ սիրում են երաժշտություն»։

Այս գաղափարից ոգևորված՝ Փաշինյանը լծվել է թրենդի գործնական կիրառմանը և PR խորհրդատուների ասածն ընկալել է բառացիորեն։

Ամենազավեշտալին այն է, որ ոչ ոք չէր սպասում, որ նա այդ խորհուրդը այդքան բառացի կընդունի։ Մտածել են, որ նա կհրապարակի ինչ–որ լայվ տեսանյութ՝ օրինակ մարզվելիս՝ երաժշտության ներքո, կամ գոնե կներկայացնի մի յուրահատուկ, մոնտաժված տեսահոլովակ։ Բայց Փաշինյանը պարզապես նստում է կադրում և  երաժշտություն է լսում։ Այսինքն՝ այն, ինչ բառացիորեն ասել են մասնագետ-խորհրդատուները։

Ըստ էության՝ այս «երաժշտական» շոուն, որը դարձել է Փաշինյանի առավոտյան հաղորդակցության հիմնական ձևաչափը, իրականում ոչ թե հանրության հետ փոխհարաբերությունների նոր մշակույթի ձևավորում է, այլ քաղաքական պարադոքսի հերթական դրսևորում։ Փաստացի միջազգային PR-մասնագետների խորհուրդը  Հայաստանի քաղաքական դաշտում վերափոխվել է անբովանդակ տեսարանների կրկնվող շարանի։

Այս արտադրանքը, որ իշխանությունն փորձում է մատուցել որպես նորարարություն, ավելի շուտ հիշեցնում է բովանդակազուրկ էսթետիկա, որտեղ ձևը փորձում է փոխարինել իմաստին։ Եվ հենց այստեղ է երևում խնդրի էությունը․ Փաշինյանը, լինելով դասական պոպուլիստ, գերադասում է իր և հանրության միջև կառուցել ոչ թե վստահության կամ պատասխանատվության կամուրջ, այլ՝ էմոցիոնալ պատրանք․ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում քաղաքականությունը վաղուց կորցրել է իր խորությունը՝ դառնալով պարզունակ ռեալիթի շոու։

Արմեն Հովասափյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում