Լրագրողների եվրոպական ֆեդերացիան քննադատել է Փաշինյանի խոսքերը լրագրողի հասցեին
Կարդացեք նաև
Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) իր անդամ Հայաստանի ժուռնալիստների միությանը (ՀԺՄ) զուգահեռ դատապարտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների նկատմամբ ուղղված թշնամական խոսքը։ Ըստ ֆեդերացիայի հաղորդագրության՝ նոյեմբերի 19-ին կառավարության նիստից հետո անցկացված ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը, ուղիղ եթերում պատասխանելով ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հարցին, բազմիցս վիրավորել է նրան։
Ինչպես փոխանցում է OC Media-ն, լարված խոսակցությունը հիմնականում կապված է եղել Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հետ, որտեղ հուղարկավորված են Լեռնային Ղարաբաղի պատերազմների և Ադրբեջանի հետ հետագա բախումների ընթացքում զոհված հայ զինծառայողները։ Ջեբեջյանը Փաշինյանից պատասխան է պահանջել վերջին տարիներին Ադրբեջանի հետ հակամարտության հետևանքով հայերի զոհվելու համար, ինչպես նաև հիշեցրել է ընդդիմախոսներին ուղղված նախկին սպառնալիքները՝ նշելով, որ ութ տարի շարունակ հնչող տարաբնույթ սպառնալիքներից հետո վարչապետի մազը չի ծռվել։
Իր հերթին Փաշինյանը հայտարարել է, որ լրագրողը, ինչպես նաև այլ լրագրողներ ու քաղաքական շրջանակներ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և «Հայաստան» խմբակցությունը, տևական ժամանակ «Եռաբլուրը» վերածել են նեղ շահերի ու քաղաքական սակարկման մանրադրամի։ Վարչապետը բազմիցս կրկնել է, որ լրագրողն այդ ճանապարհին «եղկելի» է, և նշել, որ այսուհետ «Եռաբլուրի» անունը շահարկողներին պահանջելու է դադարեցնել նման վարքագիծը։
EFJ-ը կրկնել է ՀԺՄ-ի կոչը՝ վարչապետին հորդորելով լրագրողների հետ շփվելիս պահպանել հարգալից տոն, զսպվածություն ցուցաբերել և հարգել նրանց մասնագիտական աշխատանքը նույնիսկ այն դեպքերում, երբ չեն կիսում նրա տեսակետները։ ՀԺՄ-ի գնահատմամբ՝ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը վաղուց են թիրախավորում այն լրատվամիջոցներն ու լրագրողները, որոնք անվերապահորեն չեն կիսում իրենց տեսակետները և անհարմար հարցեր են բարձրացնում։
Ֆեդերացիան միացել է ՀԺՄ-ի կոչին՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով անհապաղ դադարեցնել թշնամական հռետորաբանությունը և դադարեցնել լրագրողներին աշխատանքի ընթացքում վարկաբեկելու ու վախեցնելու փորձերը։ EFJ-ի նախագահ Մայա Սևերը ընդգծել է, որ լրագրողին վիրավորելը հարձակում է ոչ միայն մեկ մարդու, այլև խոսքի ազատության և ժողովրդավարական հասարակության արժեքների դեմ, իսկ կառավարության ղեկավարը հատուկ պատասխանատվություն ունի հարգելու լրագրողներին և նրանց մասնագիտական գործունեությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում