Ադրբեջանը 2020 թվականից ի վեր ՀՀ սուվերեն տարածքից շուրջ 200 քկմ է օկուպացրել
Կարդացեք նաև
Ըստ «Հետք»-ի հրապարակման՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից օկուպացրել է շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Ինչպես նշում է պարբերականը, ապօրինի ներխուժումներն ու զավթումները տեղի են ունեցել հատկապես 2021–2023 թվականներին, երբ շարունակական ագրեսիաների հետևանքով տարածքներ են զավթվել Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։ Պարբերականը շեշտում է, որ այդ շուրջ 200 քկմ ցուցանիշում չի ներառվում ՀՀ տարածքի հաշվին ձևավորված չեզոք գոտին՝ միջդիրքային վտանգավոր հատվածը, որը չի գտնվում որևէ կողմի վերահսկողության ներքո, սակայն երկու կողմից էլ դիտարկվում է, նշանառության տակ է, անօգտագործելի է և հայկական կողմի համար փաստացի կորսված։
Ինչպես հայտնում է «Հետք»-ը, Վայոց Ձորում և Սյունիքում Հայաստանի կորցրած տարածքների մի մասը պետական սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածքներ են՝ արգելոցներ ու արգելավայրեր։ Ավելի վաղ պարբերականն անդրադարձել էր Սյունիքի մարզի օկուպացված բնության հատուկ պահպանվող տարածքներին, իսկ այս անգամ ներկայացրել է Վայոց Ձորի իրավիճակը։
Ըստ հրապարակման՝ 2022 թվականի սեպտեմբերյան հարձակման հետևանքով Ադրբեջանը Վայոց Ձորի մարզի ինքնիշխան տարածքից զավթել է մոտ 65 քկմ, որը համարժեք է 100 Երևանյան լճի։ Բացի այդ, Կարմրակատար լեռից (3058 մ, գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի սահմանագլխին) դեպի հարավ՝ Սյունիքի մարզում, Հայաստանը կորցրել է ևս շուրջ 8,5 քկմ։
Պարբերականի փոխանցմամբ՝ Վայոց Ձորում ձևավորված այս օկուպացիոն գոտին ամբողջությամբ պետական սեփականություն հանդիսացող բնության հատուկ պահպանվող տարածք է՝ Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրը։ Միաժամանակ, ինչպես նշում է «Հետք»-ը, հակառակորդի դիտարկման և նշանառության տակ է հայտնվել նաև հարևանությամբ գտնվող Ջերմուկի անտառային պետական արգելավայրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում