Գրիշա Սանդալյան․ «Հերոսի պատկերը քաղաքային աղբ չէ»․ Ալբերտ Հովհաննիսյանի որմնանկարը ջնջել են

Գրիշա Սանդալյան․ «Հերոսի պատկերը քաղաքային աղբ չէ»․ Ալբերտ Հովհաննիսյանի որմնանկարը ջնջել են

Երևանի Հաղթանակի զբոսայգում 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի որմնանկարը ջնջելու որոշումը հանրային բուռն դժգոհության և քննադատության ալիք է բարձրացրել։ Սոցիալական ցանցերում հասարակական գործիչներն ու սփյուռքահայ ներկայացուցիչները քաղաքային իշխանությունների այս քայլը որակում են որպես հավաքական հիշողության և ազգային արժեքների դեմ ուղղված քայլ։

Միջադեպին ծավալուն հրապարակմամբ է անդրադարձել Գրիշա Սանդալյանը՝ զուգահեռներ անցկացնելով Փարիզում Միսաք Մանուշյանի հիշատակի հանդեպ պետական մակարդակով ցուցաբերվող երախտագիտության և Երևանում տեղի ունեցածի միջև։

«Դե ՛ լռեք , մի քիչ ու էլի շատ լռե՛ք…

Առաջին նկարում՝ Փարիզում Միսաք Մանուշյանի դիմանկարն է։

Ֆրանսիան իր ազատության համար կյանքը տված հայ հերոսի դեմքը պահում է քաղաքի պատին՝ որպես երախտագիտություն, հիշողություն և դաս նոր սերունդներին։ Այնտեղ հերոսի պատկերը քաղաքի պատին պարզապես նկար չէ , դա ժողովրդի խիղճն է։

Երկրորդ նկարում՝ հերոս Ալբերտ Հովհաննիսյանն է Երևանի Հաղթանակի զբոսայգում։

Նրա պատկերը ջնջեցին։

Երևանի քաղաքապետարան, դուք պատից միայն մի նկար չեք ջնջել։ Դուք փորձել եք լռեցնել մի տղայի դեմք, որի տարիքում շատերը դեռ երազանքներ են ունենում, իսկ նա արդեն կյանքն էր տվել, որ մենք շարունակենք ապրել։

Ձեզ համար գուցե դա ներկ էր պատի վրա։

Մեզ համար՝ Ալբերտի աչքերն էին, մի ամբողջ սերնդի ցավն ու հպարտությունը։

Հերոսի հիշատակը քաղաքային աղբ չէ, որ մի օր որոշեք մաքրել։ Եվ եթե կարողացաք ջնջել նրա պատկերը, մի՛ կարծեք, թե կարող եք ջնջել մարդկանց խիղճն ու հիշողությունը։

Դե հիմա էլ ասեք՝ «ձայներդ կտրեք, ձեր Ամերիկաներում նստեք, մի խառնվեք»։

Ասեք։ Բայց նախ մի բան հիշեք․ երբ Ալբերտ Հովհաննիսյանը հրանոթի կողքին կանգնած էր, նա ոչ մեկի անձնագիրն ու բնակության հասցեն չէր հարցնում։ Նա չէր ասում՝ այս մեկը Երևանից է, սա՝ Լոս Անջելեսից, ուրեմն մեկի ցավն իմն է, մյուսինը՝ չէ։ Նա կանգնած էր Հայաստանի համար։

Դրա համար էլ՝ որտեղ էլ հայ լինի, իրավունք ունի հարցնելու՝ ո՞վ ջնջեց հերոսի պատկերը, ինչո՞ւ ջնջեց և ո՞վ է պատասխան տալու դրա համար։

Մենք չենք խառնվում։

Մենք չենք լռում։

Որովհետև հայրենիքը միայն այն հողը չէ, որտեղ ապրում ես։ Հայրենիքը նաև այն հիշողությունն է, որը պարտավոր ես պաշտպանել, թեկուզ աշխարհի մյուս ծայրից։

Չէ՛, սա եվրոպական արժեք չէ։

Եվրոպական արժեքը հերոսին հիշելն ու հարգելն է, ոչ թե նրա դեմքը պատից ջնջելը։

Սա հիշողությունը մաքրելու, պատմությունից փախչելու գործելաոճ է։

Եվ եթե սա է ձեր եվրոպական ուղին, ապա սա է նաև ձեր մակարդակը։

Պատասխանը պարտական եք ոչ միայն Ալբերտի ընտանիքին, այլ ամբողջ ժողովրդին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Սանդալյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում