Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվել է թանգարանային արժեքների վերականգնման արհեստանոց
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 2-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան հարկաբաժնում տեղի է ունեցել թանգարանային արժեքների վերականգնման և կոնսերվացման արհեստանոցի բացման հանդիսավոր արարողությունը։
Ամենայն Հայոց Հայրապետի նախաձեռնությամբ հիմնադրված արհեստանոցը ժամանակակից սարքավորումներով է համալրվել Ճապոնիայի կառավարության մշակութային «Grassroots» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ։
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպան տիկին Անազավա Յոկոն, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, թանգարանային ոլորտի ներկայացուցիչներ, վերականգնող մասնագետներ, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հայաստանյան պաշտոնյաներ և ճապոնագետներ։
Ներկաներին Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու գնահատանքն է փոխանցել Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ելույթներով հանդես են եկել Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը, Ճապոնիայի փոխդեսպան Անազավա Յոկոն և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը։ Վերջինս իր խոսքում ընդգծել է, որ թանգարանային նմուշները ժողովրդի ինքնության ու պատմական հիշողության վկաներն են, իսկ նորարարական տեխնոլոգիաներով համալրված արհեստանոցը կնպաստի դրանց անխաթար պահպանմանը։
Նորաբաց արհեստանոցի գործունեությունը հնարավորություն կտա վերականգնել պահոցներում գտնվող հոգևոր ու մշակութային արժեքները և ընդլայնել Մայր Աթոռի թանգարանային հավաքածուների մշտական ցուցադրությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում