Ահաբեկչության փորձ Դուբայ-Թել Ավիվ չվերթում. օդաչուն փորձել է կործանել ինքնաթիռը
Կարդացեք նաև
Միացյալ Արաբական Էմիրությունների (ՄԱԷ) Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտարարել է, որ Flydubai ավիաընկերության FZ1073 չվերթի երկրորդ օդաչուն թռիչքի ընթացքում փորձել է իրականացնել ահաբեկչական ակտ։ Դեպքը տեղի է ունեցել Դուբայից Թել Ավիվ ուղևորվող ինքնաթիռում, որի ուղևորների մեծ մասը Իսրայելի քաղաքացիներ են եղել։
Անվտանգության աղբյուրների փոխանցմամբ՝ կասկածյալը Օմանի քաղաքացի Համամ ալ-Համամին է։ Ըստ քննության տվյալների՝ նա օդաչուների խցիկում վթարային կացնով (crash axe) հարձակվել է օդանավի հրամանատարի վրա և փորձել իր ձեռքը վերցնել ինքնաթիռի կառավարումը։ Հարձակման հետևանքով Boeing 737 MAX 8 օդանավը Սաուդյան Արաբիայի օդային տարածքում ընդամենը կես րոպեում կտրուկ գահավիժել է ավելի քան 5000 մետր (շուրջ 16,600 ֆուտ)։
Աղետից հաջողվել է խուսափել ուղևորների և անձնակազմի արագ արձագանքման շնորհիվ. վիրավոր հրամանատարին հաջողվել է բացել խցիկի դուռը, ինչից հետո ներսում գտնվող մարդիկ վնասազերծել են հարձակվողին: Օդանավում գտնվող Flydubai-ի մեկ այլ՝ արձակուրդում գտնվող օդաչու ստանձնել է կառավարումը և ինքնաթիռը շտապ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուք քաղաքի օդանավակայանում։
Կասկածյալը ձերբակալվել է Սաուդյան Արաբիայում և արդեն տեղափոխվել Աբու Դաբի, որտեղ ընթանում է համատեղ քննություն էմիրաթցի և իսրայելցի մասնագետների մասնակցությամբ։ Հետաքննության տվյալներով՝ ալ-Համամին նախկինում հեռացված է եղել այլ ավիաընկերություններից ծայրահեղական հայացքներ ունենալու պատճառով։ ՄԱԷ իշխանություններն ու ավիացիոն ծառայությունները շարունակում են քննությունը՝ պարզելու հանցագործության բոլոր հանգամանքներն ու հնարավոր հովանավորներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում