Թրամփը ավելի քան 20 միլիոն ամերիկացիների համար 90-ական դոլարի վճարումներ է հայտարարել

Թրամփը ավելի քան 20 միլիոն ամերիկացիների համար 90-ական դոլարի վճարումներ է հայտարարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետությունը Medicare ծրագրում ընդգրկված ավելի քան 20 միլիոն տարեց ամերիկացիների կհատկացնի 90-ական դոլարի միանվագ աջակցություն՝ բժշկական ապահովագրության ամսական վճարների բեռը թեթևացնելու նպատակով։

Թրամփի փոխանցմամբ՝ հատկացումները կատարվելու են Medicare-ի բարելավման հիմնադրամից, որին Կոնգրեսը հատկացրել էր 2 միլիարդ դոլար։ Սպիտակ տան պաշտոնական պարզաբանման համաձայն՝ շահառուների մեծ մասը հոկտեմբերի սկզբին գումարը կստանա ուղղակի բանկային փոխանցմամբ, իսկ մնացածը՝ փոստային չեկերով։

Այս քայլը հաջորդում է նախընտրական շրջանում Թրամփի կողմից հնչեցրած մի շարք այլ ֆինանսական խոստումներին․ նախորդ ամիս նա առաջարկել էր 5000-ական դոլարի չեկեր ուղարկել բոլոր չափահաս քաղաքացիներին, եթե հանրապետականները պահպանեն վերահսկողությունը Կոնգրեսում։ Բացի այդ, վարչակազմը պատրաստվում է նաև 500-ական դոլարի վճարումներ իրականացնել մոտ 1 միլիոն ամերիկացիների համար՝ որպես Obamacare-ի շրջանակներում գանձված ավելորդ վճարների փոխհատուցում։

Վերլուծաբանները նշում են, որ նման նախաձեռնությունները միտված են բարձրացնելու նախագահի վարկանիշը նոյեմբերին սպասվող միջանկյալ ընտրություններից առաջ։ Էներգակիրների գների աճի և կյանքի թանկացման ֆոնին հանրապետականները փորձում են պահպանել իրենց փոքր առավելությունը Սենատում և Ներկայացուցիչների պալատում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում