Ֆրանսիայում քաղաքական յություբերները կպարտավորվեն պահպանել հավասարակշռությունը 2027-ի նախագահական ընտրություններում

Ֆրանսիայում քաղաքական յություբերները կպարտավորվեն պահպանել հավասարակշռությունը 2027-ի նախագահական ընտրություններում

Ֆրանսիական Arcom մեդիակարգավորիչը մտադիր է պարտավորեցնել խոշոր քաղաքական տեսաալիքներին ապահովել հավասարակշռություն 2027 թվականի նախագահական ընտրությունների թեկնածուների լուսաբանման հարցում։ Հեռուստատեսության և ռադիոյի համար գործող նոր պահանջներն առաջին անգամ կտարածվեն նաև առցանց հարթակների բովանդակություն ստեղծողների մի մասի վրա։

Նախագահական ընտրություններին ընդառաջ խոշոր առցանց տեսաբովանդակության հեղինակները, հեռուստաալիքների ու ռադիոկայանների նման, պետք է ապահովեն թեկնածուների արդար հասանելիությունը իրենց հարթակներում և պահպանեն «ազնվության» պահանջները նախընտրական քարոզարշավը լուսաբանելիս։ «Նոր երևույթ է ի հայտ եկել, այն արդեն այստեղ է և մասշտաբային է»,- նոյեմբերի 19-ին Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Arcom-ի ղեկավար Մարտեն Աժդարին։ Նրա խոսքով՝ կարգավորման հարցն առավել արդիական է յություբերների դեպքում, որոնց լսարանը երբեմն գերազանցում է ավանդական հեռուստաալիքների լսարանին։

Փոփոխությունը վերաբերում է խոշոր ալիքների հեղինակներին, որոնք ֆրանսիական օրենսդրությամբ կարող են համարվել ըստ պահանջի աուդիովիզուալ մեդիա։ Նման հեղինակների շրջանակը որոշելիս Arcom-ը հաշվի կառնի հրապարակումների թեմատիկան ու պարբերականությունը, ինչպես նաև լսարանն ու ազդեցությունը հանրային քննարկումների վրա։ Խոսքն առաջին հերթին այն տեսաալիքների մասին է, որոնք պարբերաբար լուսաբանում են քաղաքականությունը և հանրային նշանակության այլ թեմաներ։ Միայն աուդիոձևաչափով թողարկվող փոդքասթերը նոր կանոնների տակ չեն ընկնում։

Arcom-ի կանոնների համաձայն՝ նախագահի թեկնածուները քարոզարշավի սկզբնական փուլում ելույթների ժամանակ պետք է ստանան՝ համաչափ իրենց ենթադրյալ ընտրական աջակցությանը։ Ապրիլի 5-ից՝ ապրիլի 18-ի առաջին փուլին ընդառաջ, և մինչև ամսվա վերջ կգործի խիստ հավասարության սկզբունքը. թեկնածուները պետք է ստանան հավասար ժամանակ և համադրելի պայմաններ իրենց դիրքորոշումները ներկայացնելու համար։ Ապրիլի 18-ին և մայիսի 2-ին կայանալիք փուլերի միջև հավասարությունը կտարածվի արդեն երկու եզրափակիչ փուլ անցած թեկնածուների վրա։ Քվեարկության օրերին և դրանց նախօրեին նախընտրական քարոզչության տարածումն արգելված է։

Աժդարին հայտարարել է, որ Arcom-ը գործելու է առաջին հերթին հեղինակների հետ երկխոսության միջոցով և կարող է քննել խախտումների վերաբերյալ բողոքները։ Լուրջ կամ կրկնվող խախտումների դեպքում կարգավորիչն իրավասու է պատժամիջոցներ կիրառել։ Ինքը՝ Աժդարին, ընդունել է, որ գերատեսչության համար սա աշխատանքի նոր ոլորտ է, և ընդգծել, որ մտադիր են դրան մոտենալ զգուշությամբ։

Ֆրանսիան արդեն կարգավորում է ազդեցիկ անձանց՝ ինֆլյուենսերների առևտրային գործունեությունը. 2023 թվականի օրենքը նրանց պարտավորեցրել է բացահայտել գովազդային ինտեգրումները (պրոմոնյութերը) և պատասխանատվություն է սահմանել որոշ արգելված կամ խարդախ ապրանքների ու ծառայությունների առաջխաղացման համար։ Սակայն նոր կանոնները վերաբերում են այլ ոլորտի՝ ոչ թե գովազդին, այլ քաղաքական բազմակարծությանը և ընտրությունների լուսաբանմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում