Դոնբաս՝ ՆԱՏՕ-ի դիմաց. ինչ է քննարկվում փակ դռների ետևում

Դոնբաս՝ ՆԱՏՕ-ի դիմաց. ինչ է քննարկվում փակ դռների ետևում

Ամերիկյան կողմը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփումներում սեղանին է դրել մի գաղափար, որը կարող է վերաձևել տարածաշրջանային անվտանգության քարտեզը. խոսքը Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին է՝ Դոնբասը Ռուսաստանին զիջելու պայմանով, ընդ որում՝ ներառելով նաև այն հատվածները, որոնք դեռ մնում են Կիևի վերահսկողության տակ։ Այս մասին նոյեմբերի 19-ին գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով բանակցությունների մանրամասներին տեղյակ աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ վերջին ամիսներին այս տարբերակը շրջանառել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Թեման վերջերս շոշափվել է նաև անցյալ շաբաթ Դուբլինում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպական պետությունների ազգային անվտանգության խորհրդականների մասնակցությամբ հանդիպմանը։ Դրանից բացի, այն քննարկվել է առնվազն մեկ եռակողմ շփման ժամանակ Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ սեղանի շուրջ են նստել ուկրաինացի, եվրոպացի և ռուս բանակցողները։

Ըստ պարբերականի՝ Վաշինգտոնում ուրվագծվել է երկու հիմնական ճանապարհ։ Առաջին տարբերակով՝ Կիևը հրաժարվում է նաև իր վերահսկած Դոնբասի տարածքներից և ստանում լիարժեք անդամակցություն Հյուսիսատլանտյան դաշինքին։ Մյուս սցենարը ենթադրում է պատերազմի սառեցում ներկայիս շփման գծում, երբ Դոնբասի մի մասը պահպանում է Ուկրաինան, իսկ անվտանգության երաշխիքները ձևակերպվում են ԱՄՆ-ի և հավանաբար նաև եվրոպական գործընկերների հետ կնքվող համաձայնագրով։

Ամերիկյան մի պաշտոնյա թերթին փոխանցել է, որ քննարկվող գաղափարները շատ են, իսկ վերջնական պայմանավորվածության հասնելու համար առանցքային է թե՛ Կիևի, թե՛ Մոսկվայի համաձայնությունը։ Միևնույն ժամանակ WSJ-ը նկատում է, որ դեռևս ամբողջությամբ պարզ չէ, թե որքան խորն է Վաշինգտոնը կանգնած այս առաջարկի հետևում և արդյոք Թրամփը վերանայել է իր նախկին մոտեցումը, երբ անցյալ տարվա սկզբին Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին անընդունելի էր համարել Ռուսաստանի տեսանկյունից։

Վլադիմիր Զելենսկին ինքն էլ փաստել է, որ նման հարց բանակցություններում հնչել է։ Նրա փոխանցմամբ՝ ամերիկյան կողմը հետաքրքրվել է՝ ինչ կլինի, եթե Ուկրաինան մտնի ՆԱՏՕ, և պատրաստ կլինի՞ արդյոք հրաժարվել Դոնբասից։ Ուկրաինայի ղեկավարը շարունակում է պնդել, որ տարածքային զիջումների չեն գնալու, իսկ ցանկացած պայմանավորվածություն պետք է անցնի ուկրաինացի ժողովրդի հավանության միջով։

Մոսկվայի օրակարգն այս գաղափարին բոլորովին հակառակ հարթության մեջ է։ WSJ-ի ձեռքում հայտնված փաստաթղթում, որտեղ շարադրված են ռուս բանակցողների մոտեցումները, պահանջվում է Ուկրաինայի սահմանադրությունից հանել ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը։ Ռուսաստանը նաև ակնկալում է, որ դաշինքը պարտավորվի զորքեր ու սպառազինություն չտեղակայել Ուկրաինայում, դադարեցվեն արևմտյան զենքի մատակարարումները, իսկ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքները հետ շպրտվեն մինչև 1997 թվականի վիճակը։ Եվրոպացի բանակցողների գնահատմամբ՝ սրանք մաքսիմալիստական մեկնարկային պահանջներ են։

Գործընթացը բարդացնում են նաև տարաձայնությունները հենց ՆԱՏՕ-ի ներսում, քանի որ նոր անդամի ընդունման համար պահանջվում է բոլոր մասնակիցների միաձայնությունը։ Նոյեմբերի 18-ին Բեռլինում կայացած բանակցություններից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ եկել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը քննարկելու ժամանակը։ Մինչդեռ Գերմանիայում նման գաղափարի առաջխաղացմանը պատրաստ չեն եղել, իսկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ըստ հրապարակման, իր մերձավոր շրջապատին նշել է, որ իր կյանքի օրոք Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին չի ակնկալում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում