Արցախ Միություն. Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» գրառելը քաղաքական որոշում է, ոչ թե ստանդարտ
Կարդացեք նաև
Արցախ Միությունը դատապարտել է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ նոյեմբերի 19-ի պարզաբանումը, որով փորձ է արվել հիմնավորել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդավայրի դաշտում «Ադրբեջան» նշելը։ Միության՝ նոյեմբերի 20-ին տարածած հայտարարության համաձայն՝ կառույցը ուսումնասիրել է համապատասխան ստանդարտները, ՀՀ օրենսդրությունը և միջազգային դատական ակտերը՝ եզրակացնելով, որ ո՛չ ICAO 9303-ը, ո՛չ ISO 3166-ը չեն պարտադրում նման գրառում, իսկ հարցը պայմանավորված է ՀՀ իշխանությունների քաղաքական որոշմամբ և նոր օրենքով։
Հայտարարության մեջ նշվել է, որ ICAO 9303 փաստաթղթի համաձայն՝ ծննդավայրի նշումը պարտադիր չէ, իսկ նշելու դեպքում կարող են գրվել ավանը, քաղաքը, արվարձանը և կամ պետությունը՝ հաշվի առնելով տարածքի հետ կապված զգայուն հանգամանքները։ Ըստ Միության՝ ISO 3166-ը միայն կոդավորման ստանդարտ է, որը չի պահանջում պետության անվանման պարտադիր ներառումը անձնագրում, մինչդեռ իրավիճակը փոխվել է 2026 թվականի մայիսի 11-ին ընդունված և հոկտեմբերի 30-ից ուժի մեջ մտած «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով, որը սահմանում է միայն ծննդյան վայր՝ պետությունը, և զրկել է բնակավայր նշելու հնարավորությունից։
Միությունը նաև շեշտել է, որ մինչև 1991 թվականը ծնված արցախցիները ծնվել են Խորհրդային Միությունում, իսկ անկախության շրջանում ծնվածների վկայականներում նշվել են Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունները, ուստի ծննդյան պահի պետությունը չի կարող լինել Ադրբեջանի Հանրապետությունը։ Բացի այդ, ըստ հայտարարության, բռնի տեղահանված անձին պարտադրել իր փաստաթղթում նշել այն պետությունը, որի գործողությունների հետևանքով լքել է ծննդավայրը, անհամաչափ միջամտություն է։
Արցախ Միությունը Կառավարությանը և Ազգային ժողովին կոչ է արել հրատապ փոխել նշված օրենքի դրույթը և վերադառնալ նախկին կարգավորմանը, իսկ մինչ այդ՝ կասեցնել նման գրառմամբ փաստաթղթերի տրամադրումը դեմ արտահայտվող քաղաքացիներին։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պահանջվել է հրապարակել բնակավայր նշելն արգելող կոնկրետ դրույթը և սահմանային խնդիրների վերաբերյալ տվյալները, Մարդու իրավունքների պաշտպանին՝ դիմել Սահմանադրական դատարան, իսկ քաղաքացիներին՝ փաստաթղթի համար դիմելիս ներկայացնել գրավոր դիմում և պահանջել հիմնավորված վարչական ակտ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում