Բահրեյնի բազաներից մինչև Օրմուզ. Իրան-ԱՄՆ լարվածությունը հասնում է եզրագծին
Կարդացեք նաև
Վերլուծաբանների գնահատմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» ձևաչափով հակամարտությունը բեկման փուլ է մտնում։ Պարսից ծոցում և Օրմուզի նեղուցում իրանական գործողությունների ակտիվացման ֆոնին ամերիկյան ռազմածովային շրջափակումը ճեղքելու Թեհրանի փորձը գնալով ավելի հավանական է դառնում։ Շաբաթ երեկոյան Իրանը անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված չորս ամերիկյան ռազմաբազաների, որտեղ գտնվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի կենտրոնակայանը։
Իրանի կիսապաշտոնական Fars գործակալության տվյալներով՝ թիրախավորվել են մասնավորապես «Շեյխ Իսա» և «Ջուֆայր» բազաները։ Բահրեյնի իշխանությունները հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են իրանական հարվածները, սակայն տեղական աղբյուրները հայտնել են ուժգին պայթյունների մասին, իսկ ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է քաղաքացիական արդյունաբերական օբյեկտում բռնկված հրդեհի մասին՝ նշելով, որ տուժածներ չկան։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում է չպարզված վայրից բարձրացող ծուխը։ Բահրեյնի վրա հարվածից անմիջապես հետո հարավային Իրանում՝ Սիրիկի շրջանում, պայթյունների մասին լուրեր են ստացվել։ Ամերիկյան ուժերը վերջին շաբաթներին պարբերաբար պատասխան հարվածներ են հասցրել իրանական ռազմական օբյակտներին, իսկ շաբաթ ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հերքել էր Թեհրանի պնդումները, թե ուրբաթ երեկոյան զենիթային հրթիռով վնասվել է ամերիկյան F-16 կործանիչ։
Միաժամանակ շաբաթ օրը Օրմուզի նեղուցում կամ դրա մերձակայքում առնվազն երեք նավթատար է ենթարկվել հարձակման, ինչը, ըստ ամենայնի, նավագնացության դեմ Իրանի հերթական հարվածների շարքից է։ Նեղուցում վերջին մեկ շաբաթվա ընթացքում միջադեպերի կտրուկ աճի ֆոնին բրիտանական ծովային անվտանգության ռազմական կենտրոնը (UKMTO) հայտնել է, որ շաբաթ վաղ առավոտյան Պարսից ծոցից դուրս եկող երկու տանկերի ուղղությամբ արկեր են արձակվել, ինչի հետևանքով զոհեր չեն գրանցվել։ Իրանի ռազմածովային ուժերը պետական լրատվամիջոցներով տարածված կոմյունիկեում հայտնել են, որ նավերից մեկը նեղուցից արևելք պայթել է ծովային ականի վրա և բռնկվել, իսկ շաբաթ գիշերը զինվորականները նավերը կանգնեցնելու ամենաինտենսիվ ու բազմազան գործողություններն են անցկացրել։
Իրանական IRIB հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Մոհամմադ Աքրամինիան շաբաթ օրը կրկին նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ ցանկացած հարված կհանդիպի «վճռական և անհապաղ պատասխանի», քանի որ երկիրն այժմ շատ ավելի ուժեղ է, քան նախկինում։ Հարավում իրանական զորքերի մոտ կատարած այցի ժամանակ Աքրամինիան ընդգծել է, որ զինված ուժերի պատասխանը չի սահմանափակվելու որոշակի աշխարհագրական գոտիով, իսկ իրանական հեռուստատեսությունն առաջին անգամ ցուցադրել է երկրի հարավի ափամերձ շրջաններում պաշտպանական դիրքեր զբաղեցրած ցամաքային զորքերը։
Հարք կղզու մոտակայքում ԱՄՆ ռազմական շրջափակումը ճեղքելու համար ավելի քան 14 իրանական տանկերի նախապատրաստվելու մասին հաղորդումների ֆոնին Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին տեղական լրատվամիջոցներին հայտարարել է, որ իրանական նավահանգիստների շրջափակումը թշնամական քայլ է, և Թեհրանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները տնտեսական պաշարումը ճեղքելու համար։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նույնպես շաբաթ օրը հայտարարել է, որ երկրի դեմ մղվում է «լուռ տնտեսական պատերազմ», որն ավելի ծանր է, քան հրթիռային պատերազմը, սակայն Իրանն ի զորու է դիմակայել դրան։ Ղարիբաբադիի այն խոսքերից հետո, թե Թեհրանը զգուշացրել է ԱՄՆ-ին իրանական շարասյան՝ ծով դուրս գալու մասին, Վաշինգտոնում տեղակայված Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը նշել է, որ շրջափակումը ճեղքելու փորձերը ԱՄՆ-ի առջև երկընտրանք են ստեղծում՝ թույլ տալ շրջափակման փլուզումը կամ վերադառնալ պատերազմի, ինչը քաղաքական ծախսեր կառաջացնի և կբարդացնի հարաբերությունները Պարսից ծոցի դաշնակիցների հետ։
Լարվածության աճին զուգահեռ Կատարի միջնորդությամբ շարունակվում են ամերիկա-իրանական դիվանագիտական բանակցությունները։ Ղարիբաբադիի խոսքով՝ կատարական պատվիրակությունը ուրբաթ երեկոյան շուրջ երկու ժամ բանակցել է իրանցի պաշտոնյաների հետ, որից հետո վերադարձել է Դոհա։ Նույն օրը՝ շաբաթ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի եթերում հայտարարել է, որ մտադիր է Իրանի հետ կնքել «մշտական» համաձայնագիր, որը թույլ չի տա նրան միջուկային զենք ձեռք բերել, և ընդգծել է, որ իրեն երբեք չի հետաքրքրել Իրանում ռեժիմի փոփոխությունը՝ հավելելով, որ համաձայնագիրը պետք է գործի անգամ այն դեպքում, եթե ապագայում իրեն փոխարինի պաշտոնին անհամապատասխան մեկ այլ նախագահ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում