Դավիթ Տոնոյանի գործը ուղարկվել է դատարան

Դավիթ Տոնոյանի գործը ուղարկվել է դատարան

Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը և գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկել Հակակոռուպցիոն դատարան, ինչպես հայտնի է դարձել ԶԼՄ-ներին։ Քննությամբ հիմնավորվել է, որ նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում նա Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետի օժանդակությամբ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

ԶԼՄ-ներին հայտնի տվյալների համաձայն՝ Դավիթ Տոնոյանը համաձայնել և թույլատրել է ենթակա ստորաբաժանումների ծառայողներին ընդունել 18.000 կոշտ բալիստիկ ներդիր, որոնք պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրից տարբերություն ունենալու պայմաններում չեն համարվել որակյալ։ Ապրանքը 2020 թվականի հուլիսի 20-ին մատակարարվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչությանը՝ առանց տեխնիկական բնութագրում նշված և փաստացի մատակարարված ապրանքի գնային արժեքի տարբերությունը մատակարարի կողմից փոխհատուցելու կամ դրան ուղղված միջոցներ ձեռնարկելու։

Քրեական վարույթի վերաբերյալ տարածված տեղեկություններով՝ նախկին պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Պետությանը պատճառված գույքային վնասը գնահատվել է առանձնապես խոշոր չափերի՝ 20.268.000 ՀՀ դրամ, որը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։

Դավիթ Տոնոյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրան օժանդակած նախկին պաշտոնատար անձին՝ նույն օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում