Կառավարությունը խստացնում է երեխաների նպաստների տրամադրման պայմանները և սահմանում միասնական չափ
Կարդացեք նաև
Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում հավանություն է տվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է խստացնել երեխաների նպաստների տրամադրման պայմանները, կրճատել նախորդ ամիսների նպաստները ստանալու ժամկետները և սահմանել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի միասնական չափ։ Հիմնական փոփոխությունները նախատեսվում են 2028 թվականի հունվարի 1-ից, իսկ օրինագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։
Նախագծով առաջարկվում է դադարեցնել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ինչպես նաև երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ստանալու իրավունքը, եթե ծնողը կամ երեխան Հայաստանի տարածքից անընդմեջ երեք ամսից ավելի բացակայեն։ Գործող կարգով նպաստի վճարումը դադարեցնելու հիմք է երեխայի՝ երկրից համապատասխանաբար 12 և 6 ամսից ավելի բացակայությունը։ Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու պարտադիր պայման կդառնա նաև դիմելու օրվա դրությամբ և՛ ծնողի, և՛ երեխայի՝ Հայաստանում գտնվելը։
Կրճատվելու է նաև այն ժամանակահատվածը, որի համար ուշ դիմելու դեպքում ծնողները կարող են ստանալ նախորդ ամիսների նպաստները՝ սահմանվելով մինչև երեք ամիս։ Այժմ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի դեպքում այդ ժամկետը վեց ամիս է, իսկ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի դեպքում՝ 12 ամիս։ Ծնողներից մեկի մահվան դեպքում նախորդ ամիսների նպաստի համար դիմելու վեցամսյա ժամկետը կպահպանվի։
Օրինագծով նախատեսվում է հրաժարվել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տարբերակված չափերից։ Ներկայում ամսական նպաստը կազմում է խնամքի արձակուրդում չգտնվող ծնողների համար 31 600 դրամ (մոտ 83 դոլար), խնամքի արձակուրդում գտնվող ծնողների համար՝ 37 500 դրամ (մոտ 99 դոլար), իսկ գյուղական բնակավայրում հաշվառված և խնամքի արձակուրդում գտնվող ծնողների համար՝ 69 100 դրամ (մոտ 182 դոլար)։ 2028 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար առաջարկվում է միասնական չափ՝ անկախ ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելուց և քաղաքային կամ գյուղական բնակավայրում հաշվառված լինելու հանգամանքից։ Նոր չափն օրինագծում նշված չէ։
Կառավարությունը փոփոխությունները հիմնավորում է նրանով, որ գյուղական բնակավայրում հաշվառված լինելը չի երաշխավորում փաստացի բնակությունն այդտեղ, իսկ նպաստի չափը կապված չէ ծնողի եկամտի հետ։ Միաժամանակ նախատեսվում է ավտոմատացնել մի շարք ընթացակարգեր՝ վերացնելով Հայաստանում գտնվելը հաստատելու համար տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու պահանջը, քանի որ տվյալները կստացվեն սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգից։ Օրենքով նախատեսված դեպքերում պետական տեղեկատվական համակարգերի տվյալներով ինքնաշխատ կվերականգնվի նաև երրորդ և հաջորդ երեխաների նպաստի իրավունքը։
Ըստ կառավարության գնահատականի՝ փոփոխությունները կնվազեցնեն վարչարարական բեռը, կուժեղացնեն վերահսկողությունը, կբարձրացնեն հասցեականությունն ու բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը։ Ֆինանսատնտեսական հիմնավորման համաձայն՝ օրինագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեի ծախսերի կրճատման արդեն 2027 թվականին, իսկ միասնական չափով պայմանավորված լրացուցիչ ծախսերը կհաշվարկվեն 2028 թվականի բյուջեի ձևավորման շրջանակում։ Նպաստի իրավունքի դադարեցման և վերականգնման նոր պայմանները անցումային դրույթներով կտարածվեն նաև մինչև 2028 թվականի հունվարի 1-ը ծնված երեխաների վրա, իսկ 2026 թվականի ապրիլի 1-ից նպաստները վճարվում են միայն անկանխիկ եղանակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում