Սուրեն Չախալյան. Թիմը շարունակում է կազմավորվել
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի 24-րդ առաջնությունում մեկնարկելուց առաջ «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը պատասխանել է ակումբի մամուլի ծառայության հարցերին:
-«Ուլիսն» առաջնության մեկնարկից առաջ նոր թիմ կազմավորեց: Ի՞նչ խնդիրների ունի թիմը դեռևս:
-Տասը օրվա ընթացքում մենք փորձարկեցինք ու մարզումների միջոցով ընտրություն կատարեցինք: Շատ դժվար աշխատանք էր, որովհետև փորձարկվողների թիվը հասավ 40-ի: Մենք արդեն կատարել ենք մեր ընտրությունը, և թիմում են այն խաղացողները, ովքեր համապատասխանում են մեր պահանջներին: Բայց դեռևս խնդիրներ ունենք՝ հիմա էլ արդեն կապված ֆուտբոլիստների տրանսֆերների հետ: Շատ խաղացողներ, ովքեր մեր պատկերացմամբ պետք է «Արարատի» դեմ դուրս գան խաղադաշտ, հնարավոր է չմանսկացնեն հանդիպմանը, քանի որ դեռևս տրանսֆերները չեն ձևակերպվել վերջնականապես: Խոսքը գնում է ինը ֆուտբոլիստների մասին: Եվս երկուսը չեն ժամանել Հայաստան փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով: Այս բոլոր խաղացողների հետ կապված հարցերը կլուծվեն մոտակա օրերի ընթացքում: Բացի այդ ինչպես հասկանում եք, խաղակցվածության խնդիր կա, ֆուտբոլիստների իրար հետ ոչ մի պաշտոնական խաղ չեն անցկացրել: Կարճ ասած՝ թիմը կազմավորվել է, բայց միաժամանակ շարունակում է կազմավորվել: Շատ մեծ ծավալի աշխատանք ունենք դեռ կատարելու:
-Նախորդ առաջնությունում, նույն խնդիրը կար «Ուլիսի» առջև: Թիմը հավաքվեց առաջնության մեկնարկից անմիջապես առաջ, ու բոլոր խաղացողներն էլ նորեկներ էին, սակայն առաջնության մեկնարկում նույնիսկ անպարտելի հանդիպումների քանակով ռեկորդ սահմանեց:
-Հիմա տարբերություն կա: Այո, նախորդ առաջնության մեկնարկում էլ մենք խաղակցվածության խնդիր ունեինք: Բայց բոլոր ֆուտբոլիստներն էլ բավականին մեծ փորձ ունեին և վարպետություն: Իսկ ներկայիս թիմում 2-3 խաղացողներ կան, ովքեր խաղացել են մեծ ֆուտբոլ: Մյուս բոլոր ֆուտբոլիստները ֆուտբոլային տարբեր դպրոցներին ու ակադեմիաներից են և խաղացել են իրենց ակումբների երիտասարդական թիմերում: Այսինքն մենք նաև փորձի ու վարպետության պակաս ունենք: Բացի այդ էլ նախորդ առաջնության առաջին տուրը հետաձգվեց ու մենք խաղացինք, թիմի առաջին մարզումից մոտ 24 օր անց: Հիմա սկսել են մարզվել հուլիսի 21-ին ու խաղում ենք օգոստոսի 2-ին:
-Ներկայիս «Ուլիսում» ավելի շատ են տեղի հայ ֆուտբոլիստները: Հասկանալի է, որ դուք ինչ-որ նպատակ ունենք այդ խաղացողներին հրավիրելով:
– Այո, ներկայիս թիմում ավելի շատ են տեղի հայ ֆուտբոլիստները, բացի այդ շատ են նաև դրսից հրավիրված հայ ֆուտբոլիստները: Կոնկրետ նպատակ այս խաղացողների հետ չկա: Միակ նպատակն է ինչքան հնարավոր է լավ պատրաստվել ու լավ խաղալ: Մենք մինչ դեկտեմբեր պետք է կարողանանք նախևառաջ կարգավորել մեր խաղը, ստանալ խաղադաշտում այն խաղային պատկերը որը ուզում ենք: Եվ բոլորս միասին ձգտելու ենք այս ամենին հասնել ինչքան հնարավոր է արագ:
-Առաջնության մեկնարկից առաջ մարզիչների մեծամասնությունը նշում է, որ իրենց նպատակն է տեղ զբաղեցնել մրցանակային եռյակում: «Ուլիսն» ինչ նպատակ է դրել իր առջև:
-Անկասկած, մեր առաջնությունում կան և ֆավորիտներ: Ինչ վերաբերում է «Ուլիսին», ապա մեզ համար նախ և առաջ կարևոր է ձևավորել խաղաոճն ու ստանալ խաղային ձեռագիր: Առաջնության առաջին հատվածում մենք աշխատելու ենք հենց այս կարևոր գործոնների վրա՝ բնականաբար ձգտելով վաստակել ինչքան հնարավոր է շատ միավոր:
-«Ուլիսը» մինչև առաջնության մեկնարկը մեկ ստուգողական հանդիպում անցկացրեց և պարտվեց «Արարատ»-2-ին:
-Իհարկե, այդ խաղում մեր համար կարևորը արդյունքը չէր, բայց այդ հանդիպումը մեզ մտորելու շատ առիթներ տվեց: Եթե խաղում ես առջին լիգան ներկայացնող յուրաքանչյուր թիմի հետ, պետք է տարբերություն զգացվի խաղային մակարդակի: Դա մեր թիմի մոտ չկար: Միևնույն ժամանակ էլ նշեմ, որ այդ խաղում «Ուլիսի» կազմում հանդես եկած գրեթե բոլոր ֆուտբոլիստները հիմա թիմում չեն: Մենք պարզապես ուզում էինք տեսնել, թե ով և ինչ հնարավորություններ ունի գործում: «Արարատի» հետ խաղը մեր նորաստեղծ թիմի համար կլինի առաջինը այն կազմով, որը մենք ընտրել ենք, եթե հնարավորություն ունենանք խաղադաշտ դուրս բերել նրանց, ովքեր արդեն տրանսֆերները կունենան Հայաստանում հանդես գալու համար:
-24-րդ առաջնությունում դուք ֆավորիտներ տեսնու՞մ եք:
-Իմ կարծիքով չի լինելու ընդգծված առաջատար և միևնույն ժամանակ չի լինելու ընդգծված հետնապահ: Յուրաքանչյուր թիմ կարող է մրցակցին անակնկալ մատուցել: Մեր առաջնությունում թիմերի խաղամակարդակը այսօր համարյա համասար է, և եթե կա տարբերություն, ապա շատ քիչ: Այդ պատճառով առաջնությունը կլինի ավելի հետաքրքիր ու անկանխատեսելի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում