Էգեմեն Բաղըշն սպառնում է Գերմանիային
Նմանատիպ
Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար եւ գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը սպառնացել է, որ եթե ԵՄ անդամակցության հարցով Թուրքիայի հետ բանակցությունները Գերմանիայի կողմից շրջափակվեն, ապա թուրքական կողմը «համապատասխան հակակշիռ քայլեր կձեռնարկի»:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բաղըշը հայտարարել է գերմանական Zuddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում: Բաղըշն ասել է, որ «ԵՄ-ից բացի, Թուրքիան ուրիշ այլընտրանքներ էլ ունի»: «ԵՄ-ը եւ Թուրքիան ունեն իրար փոխադարձ կարիքը: Բանակցություններում նոր խորագրերի բացման’ քաղաքական հիմնավորումներով շրջափակումն արդարացի չէ», -ասել է նա:
Բաղըշը մեկնաբանել է նաեւ Թուրքիային ուղղված քննադատությունների համար Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելին իր արած’ «Վերջդ Սարկոզիի պես կլինի» արտահայտությունը: «Ինձ սխալ են հասկացել: Ես չեմ սպառնացել Մերկելին: Պարզապես շատ էի տխրել, որ հակառակ մեր կողմից գործադրվող ջանքերին, Գերմանիան շրջափակել է բանակցություններում նոր խորագրի բացումը», -արդարացել է նա:
Գերմանիան, Հոլանդիան եւ Շվեդիան հանդես են եկել Թուրքիայի ԵՄ բանակցություններն առկախելու մասին հայտարարությամբ, կապված’ Ստամբուլում Թաքսիմ հրապարակի եւ Գեզի զբոսայգու վերակառուցման կառավարության նախագծի դեմ բողոքող ցուցարարների դեմ ոստիկանության անհամաչափ ուժ կիրառելու եւ բռնություններ գործադրելու հետ:
Թուրքիայի’ ԵՄ անդամակցության մասին բանակցությունները պաշտոնապես սկսվել են 2005 թ-ին: Այդ ժամանակից ի վեր, կողմերը քննարկել են 35 կետերից միայն 13-ը, որոնք պետք է կատարի Թուրքիան, որպեսզի բավարարի ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ պայմաններին: Բանակցությունները բազմիցս բարդացվել են հակամարտություններով եւ տարաձայնություններով, որոնք բերել են դրանց դադարեցմանը: Վերջին երեք տարում կողմերը չեն բացել ոչ մի նոր տեխնիկական խորագիր, ընդ որում, ներկա դրությամբ Թուրքիան կարողացել է բանակցությունները փակել դրանցից միայն մեկի գծով:
Մայիսի վերջից մինչ այժմ Թուրքիայում շարունակվող բողոքի ցույցերի պատճառը առեւտրի եւ զվարճանքի կենտրոն կառուցելու նպատակով Ստամբուլի Թաքսիմ հրապարակին կից պատմական Գեզի զբոսայգու ծառերը հատելու կառավարության որոշումն է: Բնապահպանական նկատառումներով սկսված բողոքի ալիքը Թուրքիայում վերաճել է հակակառավարական զանգվածային ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհում են թուրքական կառավարության վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից: Ոստիկանությունը բռնաճնշումներ է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ’ օգտագործելով արցունքաբեր գազ, ? ?րաշիթեր եւ պլաստիկ փամփուշտներ: Թուրքիայի մեծ քաղաքներում շարունակվող ցույցերի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումներում 5 մարդ զոհվել, 7500-ից ավելի մարդիկ վիրավորվել, հարյուրավոր մարդիկ էլ ձերբակալվել են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում