Դավութօղլուն սպառնացել է Սիրիային
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարություն է տարածել’Սիրիայի հետ սահմանին լարված իրադրության հետ կապված: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Radikal պարբերականը, Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նախազգուշացրել է, որ իրենք ամեն գնով պահպանելու են երկրի սահմաններնն ու անվտանգությունը:
«Այսուհետ եթե ցանկացած խմբից ցանկացած պատրվակով մեր սահմանի անվտանգությանը սպառնացող որևէ վտանգ լինի, ապա կգործարկվեն ամենախիստ միջոցառումները և վայրկենական պատասխան կտրվի»,- հայտարարել է Ահմեդ Դավութօղլուն:
Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի և ծայրահեղական Ջաբհար ալ-Նուսրա խմբավորումների միջև բախումները սկսվել են հուլիսի 16-ից: Այս կապակցությամբ Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես կոչ են արել իրենց երկրի քաղաքացիներին ավելի զգոն լինել և հեռու մնալ սիրիական սահմանից: Նշվում էր, որ սիրիական կողմից հնչող կրակոցները հասնում են թուրքական գյուղեր և անգամ պատճառ են դարձել մեկ թուրքի վիրավորվելուն:
Հուլիսի 17-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, թե թուրքական կողմը պատասխան կրակ է բացել Սիրիայից հնչած կրակոցների դեմ:
Թուրք-սիրիական սահմանին մի քանի օր շարունակվող լարվածության արդյունքում հուլիսի 18-ից թուրքական ռազմական ինքնաթիռները սկսել են հետախուզական թռիչքներ կատարել: Նշվում է, որ միաժամանակ օդ են բարձրացել նաև անօդաչու թռչող սարքեր: Սիրիայի հետ սահմանային շրջան են բերվել ցամաքային ուժեր և զրահատեխնիկա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում