Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Ուկրաինայի առաջնության 25-րդ տուրում «Գովերլայի» նկատմամբ 2:1 հաշվով տոնած կամային հաղթանակից հետո հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին:
– Գևորգ, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ։ Կարծես, այսօրվա խաղը «Մետալուրգի» համար հե՞շտ չստացվեց։
– Այո, սկզբում մեր խաղն այնքան էլ չէր ստացվում։ Չգիտեմ, պետք է հասկանալ, թե ինչու այդպես եղավ։ Մոտ 20-30 րոպե անց մարզիչները փոփոխություն մտցրին խաղի մեջ, որոշ խաղացողներ խաղադաշտում վերադասավորվեցին։ Կարծում եմ՝ դրանից հետո ամեն ինչ սկսեց լավ ընթանալ մեզ համար: Խաղացինք մինչև վերջ և մեզ հաջողվեց դրական արդյունք գրանցել։
– Ի՞նչ խնդիր էր քո առաջ դրել Յուրի Վիլևիչը, երբ քեզ խաղադաշտ մտցրեց։
– Ինձանից պահանջվում էր փակել աջ եզրը և հնարավորության դեպքում պետք է արագ հակագրոհեի։
– Կարո՞ղ ենք ասել, որ սա «Մետալուրգի» համար գարնան ամենադժվար հաղթանակն էր։
– Այո, հենց այդպես է։ Թեև դուք գիտեք, որ մեզ համար այս պահին կարևորն արդյունքն է։ Այս հաղթանակը չափազանց կարևոր էր։ Ոչ բոլոր հանդիպումներն են ստացվում այնպես, ինչպես մենք ենք ցանկանում։
– Այսօր Կառլենը մասնակցեց ողջ հանդիպմանը, իսկ դու փոխարինման մտար։ Ցանկություն կա, որ ավելի շատ խաղաժամանակ ստանաք խաղադաշտում…
– Ես նույնպես դա ուզում եմ։ Կարծում եմ՝ նորմալ խաղացինք։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։
– Ի՞նչ ասաց քեզ Արթուր Եդիգարյանը մրցավարի սուլիչից հետո։
– Նա շնորհավորեց ինձ, ասաց, որ լավ եմ խաղացել։ Միմյանց հաջողություն մաղթեցինք։ Այսքան բան։