Տարբեր հանդիպումներին քննարկվել են հայ-կանադական հարաբերությունները

Փետրվարի 28-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Համայնքների Պալատի (խորհրդարան) խոսնակ Էնդրյու Շիրին:

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամլո ծառայությունից, հանդիպմանը կողմերը հանգամանալից քննարկեցին հայ-կանադական հարաբերությունները, միջխորհրդարանական համագործակցությունը, մասնավորապես, Բարեկամության խմբերի գործունեությունը:

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային խնդիրների, եւ խորհրդարանի խոսնակի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձը, ինչպես նաեւ Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Այդ համատեքստում դեսպան Եգանյանը խոսնակի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Ադրբեջանը ոչ կառուցողական մոտեցում է որդեգրել այս հարցում, որի պատճառով բանակցային առաջընթացը դանդաղում է: Բանակցային գործընթացի տրամաբանությանը հակառակ Ադրբեջանի պետական քարոզչական մեքենան իր բնակչության մեջ սերմացնում է հայատյացություն:

Հանդիպման վերջում Արմեն Եգանյանը Հայաստանի կառավարության կողմից երախտագիտություն հայտնեց Կանադայի օրենսդիր և գործադիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և այս հարցում սկզբունքային մոտեցման համար:

Իսկ փետրվարի 25-ին Կանադայի Տորոնտո քաղաքում կայացավ Կանադա-Հայաստան Գործարար Խորհրդի 25-րդ տարեդարձին նվիրված հավաք, որտեղ որպես հիմնական բանախոս ելույթով հանդես եկավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Ներկաներին Կանադայի վարչապետի անունից դիմեց նաև Համայնքների Պալատի բազմամշակութայնության հարցերով խորհրդարանական քարտուղար Չունգսեն Լյանգը:

Հավաքին, որին մասնակցեց մոտ 200 գործարար, քննարկվեցին Կանադա-Հայաստան Գործարար Խորհրդի կողմից իրականացված աշխատանքները եւ ապագա ծրագրերը:

Տեղեկանք: Գործարար Խորհրդի շրջանակներում գործում է մոտ 500 կանադական ընկերություն: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում