The Guardian-ը գրել է Կարեն Խաչանովի մասին

The Guardian-ը գրել է Կարեն Խաչանովի մասին

Բրիտանական The Guardian-ը գրել է Կարեն Խաչանովի մասին։ Մարզիկի հաջող մրցելույթներն ու հատկապես Արցախին աջակցող նրա գործողությունները գրավել են բրիտանական հեղինակավոր պարբերականի ուշադրությունը։

Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը, ով ներկայացնում է Ռուսաստանը, հանդես է գալիս Ավստրալիայի թենիսի բաց առաջնությունում և արդեն կիսաեզրափակիչում է։ Կարենն իր տարած հաղթանակներից հետո, տեսախցիկի օբյեկտիվի վրա Արցախին աջակցող գրառումներ է անում՝ «Արցա՛խ, ուժե՛ղ մնա», «Շարունակեք հավատալ մինչև վերջ, ուժե՛ղ եղիր, Արցա՛խ» բովանդակությամբ։

Կարեն Խաչանովը կխաղա Ավստրալիայի թենիսի բաց առաջնության կիսաեզրափակիչում

The Guardian-ը նկատել է, որ շրջափակված Արցախի մասին մարզիկի ուղերձները ոչ պակաս ուշադրություն են գրավել, որքան որ նրա խաղը: Նշվում է, որ Խաչանովի հայրը՝ Աբգարը, Երևանից է:

«Ես հայկական արմատներ ունեմ: Հորս կողմից, պապիկիս, նույնիսկ մայրիկիս կողմից. ես կիսով չափ հայ եմ: Ես չեմ ուզում ավելի խորանալ և պարզապես ուզում էի ուժ և աջակցություն հայտնել իմ ժողովրդին», – իր քայլերը մեկնաբանել էր Խաչանովը։

«Խաչանովի աջակցությունը լրացուցիչ լույս է սփռում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտության վրա, որը շարունակվում է ավելի քան 30 տարի։ Վերջին խոշոր հակամարտությունը՝ 44-օրյա պատերազմը, տեղի է ունեցել 2020 թվականին՝ դառնալով 6800 զինվորի մահվան պատճառ», – գրում է The Guardian-ը՝ հիշեցնելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման, ինչպես նաև այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահների մասին:

Երեքշաբթի թենիսի միջազգային ֆեդերացիային ուղղված նամակում Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան պահանջել է Խաչանովին պատժել իր ուղերձի համար, սակայն Խաչանովն իր ուղերձներից ոչ մեկում չի հիշատակել Ադրբեջանի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում