Հայ–թուրքական սահմանի մաքսատան շենքը գրեթե պատրաստ է
Նմանատիպ
ՀՀ Արմավիրի մարզի «Մարգարա» մաքսային կետի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Հոկտեմբերի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս էր հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կիրագործվեն հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում։ Նա նշել էր, որ դա վերաբերում է Հայաստան–Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար բացելուն։ Փաշինյանը շեշտել էր` բացի պայմանավորվածություններից, սահմանային ենթակառուցվածքների մասով զգալի աշխատանք է կատարվել` վերազինվել է Մարգարայի անցակետը։ Պարզելու համար, թե ինչ աշխատանքներ են կատարվել անցակետում, Sputnik Արմենիան դիմել էր ՊԵԿ–ին։
«Նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Կառուցվել են մաքսային հսկողության և վերահսկողության գործառույթների կատարման համար անհրաժեշտ շենքերը և շինությունները», – պատասխանել են կոմիտեից։
Նշվում է նաև, որ այս պահին իրականացվում են ներքին հարդարման, ինժեներական կոմունիկացիաների մոնտաժման և բարեկարգման աշխատանքները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում