«Ես գիտեմ, որ էս է իմ հողս, էս է իմ տեղս». զրույց հինգ երեխաների մոր հետ

«Էրեխեքիս էլ չէի կրնա պահեմ: Լսել էի, որ էստեղ տեղափոխվողներին վարկ կուտային, ես էլ էրեխեքիս հետ տեղափոխվա», ազատագրված տարածք տեղափոխվելու իր պատմությունն է սկսում արագաշարժ ու աշխույժ տիկին Ջեմման: Նա հինգ երեխաների մայր է, Քարվաճառի շրջանի Հավսաթաղ գյուղում հաստատվել է 2000-ից: Հավսաթաղը Քարվաճառից հեռու է մոտավորապես 25 կմ: «Էն որ կապ չկար, տրանսպորտ չկար, եղել է, որ մե օրվա մեջ հասել եմ Քարվաճառ, առեւտուր եմ էրել ու հետ դարձել, պատմում է տիկին Ջեմման,- մեր գյուղում նորմալ խանութ չկա, մե փոքր բանի համար Զուար կհասնինք»: Զուարը Հավսաթաղից հեռու է 4 կմ: «Առաջ ոտքով կքելեի, հմի ձի ունիմ, ձիով կերթամ», ասում է գյումրվա արմատներ ունեցող կինն, ով պահպանել է իր բարբառը:
«Ես Արագած եմ ծնվել, մեծցել, բայց իմ պապս Ղազարապատից է: Ղազարապատը գիտե՞ս, հմի ջրի տակ է անցել: Հետո Թալին եմ մարդի գնացել», ժպտուն աչքերով ինձ է նայում տիկին Ջեմման:
Տարիներ առաջ ամուսինը Ռուսաստան է գնացել` աշխատելու եւ չի վերադարձել: Ինքը միայնակ է մնացել հինգ երեխաների հետ: «Ըդոր մասին չեմ ուզե խոսիմ, ըդիք իմ համար ցավ է, իմ անցյալն ինչխոր իմ թշնամին եղնի», ասում է նա, ու ժպտուն աչքերը մի պահ թախծում են:
«Փառք Աստծո, հմի ամեն ինչ լավ է, փառք Աստծո», անընդհատ շնորհակալություն է հայտնում Աստծուն եւ ակամա հիշում է անցած ծանր օրերը: Միայնակ մնալով հինգ մանկահասակ երեխաների հետ` կյանքը Թալինում տիկին Ջեմմայի համար շատ ծանր է դառնում: «Չէի ուզի, որ իմ հարազատս, իմ բարեկամս ինձի օգնեին: Ինչի՞ պիտի օգնեին, ինչի՞ պիտի ես ուրիշին նեղություն տայի», ասում է:
Մի օր էլ լսել է, որ ազատագրված տարածք տեղափոխվողներին վարկ են տրամադրում: Որոշել է գալ. «Հերս, մերս շատ դեմ էին, կըսեին` թե կերթաս, իմացի, որ մենք էլ չկանք քու համար, բայց ես որոշեցի գամ, որ կրնանամ ինձի ու էրեխեքիս պահիմ»: Եւ եկել է: Հավսաթաղ գյուղն էլ հենց հիմնադրել են Թալինի կողմերից եկած սասունցիները:
Ընկեր-բարեկամները մեծ պաշար են դրել նրա հետ: «Ես որ եկա, գյուղացիք մտածել են, թե հինգ էրեխով կուգա, մենք պտի իրան պահինք: Բայց դեռ մի բան էլ ես իրանց կօգնեի, երեք ամսվա ուտելիքով էի եկել», հպարտությամբ նշում է աշխատասեր ու աշխույժ կինը: Երբ վարկ է ստացել, միանգամից ընտանի կենդանիներ է գնել: «Վարկը որ ստացա, տղուս` Հովոյիս հետ, գնացի մի կով ու հորթուկ առա: Հետ գալիս շատ քելելուց էրեխես էլ էր հոգնել, հորթուկն էլ: Ճամփին երկու տղա էին գալիս, հետներն էլ մի բարձած էշ: Որ մոտեցան, ասեցի` էշդ ծախի, առնում եմ: Դե, մոտս փող կար: Զարմացած նայեցին ինձ, հետո շատ ուրխացան: Դե ես էլ ուրխացա, որ ծախեցին: Էշն առա, էրեխուս դրի վրեն, հորթուկին էլ տվի էրեխուս, ու էդպես տուն հասանք»: Գյուղում վատություն անողներ էլ եղել. հորթուկն են գողացել, հետո` էշը:
«Բայց ես չկոտրվա», ասում է տիկին Ջեմման ու ավելացնում, որ հիմա իր կաթնատու կենդանիների թիվն ավելանում է: Բացի տնտեսությունը զարգացնելը տիկին Ջեմման նաեւ միանգամից աշխատանքի է անցել դպրոցում. դասավանդել է Հայ եկեղեցու պատմություն:
«Ես հեչ չեմ ուզե մեկին նեղություն տամ, իմ տղերքն ինձ թեւ ու թիկունք են», թախծոտ ժպիտով ասում է հարգարժան մայրը:
Մի անգամ մի կարճ ժամանակով փորձել են հետ վերադառնալ իրենց նախկին բնակավայր, սակայն ոչինչ չի ստացվել: «Ես գիտեմ, որ էս է իմ հողս, էս է իմ տեղս: Ես ստեղ պտի ապրեմ ու ոչ մի տեղ չպիտի երթամ», համոզված շարունակում է պատմել նա: Այստեղ նա գտել է ապրելու ձեւը. կենդանիներ է պահում, ամռանն անտառից տարբեր խոտաբույսեր է հավաքում ու վաճառում, երեխաները մեծացել են, օգնում են իրեն. ամենադժվար ժամանակն անցել է: «Հմի որ ետ կնայիմ, կզգամ, որ էլ չէի կրնա անցնեմ էս ճանապարհը», հուզված ասում է ու շեշտում, որ անցյալի մասին խոսելն իրեն տհաճ է: «Էրեխեքս ասում են` թե դու ես պապային հիշում, բայց ի՞նչխ մոռնամ, եթե իրանք են ինձ հիշացնում: Մեկի քայլվածքը, մեկի խոսելը, կոպիա իրանց հերն են: Իրանք ինձ չեն թողնի, որ ես իրանց հորը մոռանամ», ասում է ու կրկնում, որ ամուսնու մասին խոսելն իր համար ծանր է: Զգում եմ, որ չի ցանկանում շարունակել ու հարցնում եմ թոռնիկներից: Միանգամից լուսավորվում է ու ցույց է տալիս փոքրիկների լուսանկարները: «էն մեկը հրեշտակ է, սիպտակ, կապույտ աչքերով, շեկ խոպոպիկներով: Մյուսի մազերը կարճ կտրել են, ինչխոր տղա էղնի», ոգեւորված ասում է ու չի մոռանում իր շնորհակալությունը հայտնել Աստծուն: «Փառք Աստծո, Աստված ջան, շատ չհամարես…»:
Չնայած իր ոչ հեշտ կյանքին` կարողացածի չափ օգնում է գյուղացիներին ու հատկապես մեծ սիրով ընդունում է հյուրերին: «Թեկուզ մե բաժակ սառը ջրով, մե կտոր չոր հացով, բայց միշտ տուն կհրավիրեմ, հյուրասիրեմ, որ իմանան, թե հայն ով է», հպարտորեն նշում է ու շարունակում հայրենասիրության թեման.«Քուրս գնացել է Սիբիր է ապրում, մե զանգ էլ չեմ տալիս իրան, նեղացած եմ: Մերս ասում է` դու էլ ես հեռու, բայց ես ասում եմ, որ ես սուրբ հողի վրա եմ, արյունով ազատած հողի վրա եմ», իր պարզ ու անկեղծ փիլիսոփայությամբ հայրենասիրության դաս է տալիս կինը:
«Դե լավ, ես արդեն գնամ, ոտքով լինի, ավտոյով լինի, պիտի հասնեմ գյուղ, ինձի համար տաքսի չկա, իմ տաքսին իմ ոտքս է», մեր զրույցն ամփոփում ու արագ-արագ գնում է` իր պատմությամբ հույսի ու հավատի մի լուսավոր փունջ թողնելով:
Ազատագրված տարածքն այս կնոջն իրոք օգնել է նոր կյանք սկսել, արժանապատիվ կերպով մեծացնել իր երեխաներին ու այժմ երջանիկ լինել նրանց երջանկությամբ ու իր լուսեղեն թոռնիկներով:
Լուսանկարում` տիկին Ջեմմայի թոռնիկներից մեկն է:
Թամարա Գրիգորյան