«Բրենդային անունով թիմ». Երևանում կայացավ ֆուտբոլային նոր ակումբի շնորհանդեսը
Նմանատիպ
Այսօր Պետական եկամուտների կոմիտեի մարզադաշտում (նախկին «Միկա») տեղի ունեցավ նորաստեղծ «Արցախ» ակումբի շնորհանդեսը: Sport.Times.am-ը պատմում է, թե Երևանը ներկայացնող ակումբն ինչպիսին է լինելու:
Մեջբերումներ են արված նաև թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանի այսօրվա մամուլի ասուլիսից:
Հիմնադիրը
Ակումբը հիմնադրել է գործարար Սևան Ասլանյանը: Նա արմատներով Արցախից է, սակայն գործունեություն է ծավալում Չեխիայում:
Մարզչական կազմը
Երևանյան թիմը գլխավորելու է Տիգրան Եսայանը: Նրան օգնելու են Տիգրան Գսպեյանը, Ալբերտ Աճեմյանն ու Տիգրան Ոսկանյանը:
Տեխնիկական աջակցություն
«Արցախի» տեխնիկական հովանավորն աշխարհահռչակ «Ռենո» ավտոկոնցերն է: Այդ կազմակերպության անունը նշված է թիմի մարզաշպիկների վրա: Թիմի մարզաշապիկները լինելու են «Nike»-ի արտադրության: Ակումբը համագործակցելու է աշխարհահռչակ այդ կազմակերպության հետ: Արդեն գնվել են 2017 թվականի արտադրության տնային ու արտագնա խաղերի մարզաշապիկների կոմպլեկտները: Տնային հանդիպումներն «Արցախն» անցկացնելու է «Կրասավա» գնդակներով։
Տարբերանշանը
Կազմը
Թիմը կազմավորվել է հիմնականում ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստներից: Տիգրան Եսայանն անձամբ է զբաղվել թիմի կազմավորմամբ: Թիմում շատ են «Բանանցի» նախկին ֆուտբոլիստները:
Նպատակները
«Խնդիր է դրված, որ առաջին տեղով նվաճենք Բարձրագույն խմբի ուղեգիր: Միանշանակ կարծում եմ, որ մեր կազմը համապատասխանում է դրան: Գավաթի խաղարկությունում պայքարելու ենք չեմպիոնի կոչման համար: Դրա համար անհրաժեշտ կադրեր ունենք: Կարելի է ասել, որ երկու համարժեք կազմ ունենք»,- ասաց Եսայանը:
Տնային մարզադաշտը
«Արցախը» տնային խաղերն անցկացնելու է նախկին «Միկա» մարզադաշտում, որը վարձակալելու է ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեից:
Նախապատրաստական շրջան
Թիմը կազմավորվել է հունիսին: Այս ընթացքում մի շարք ընկերական խաղեր են կայացել, որոնցում «Արցախը» հասցրել է գոլազուրկ ոչ-ոքի խաղալ «Բանանցի» ու «Արարատի» հետ: Եսայանի թիմը 0:3 հաշվով պարտվել է իրանական «Պարս Ջոնուբին», 3:0 հաշվով պարտության մատնել «Ալաշկերտ-2»-ին, ինչպես նաև 2:2 հաշվով ավարտել «Ավան Ակադեմիայի» հետ մրցավեճը:
Առաջին խմբում գլխավոր մրցակիցները
««Ավան Ակադեմիայի» հետ արդեն խաղացել ենք, իսկ «Լոռիի» մասին ոչինչ չգիտենք: Միայն այն, որ նրանք ունեն լավ մարզիչ, հանձին` Արմեն Ադամյանի»:
Դավանած ֆուտբոլը
«Իմ թիմը բալանսավորված ֆուտբոլ է խաղալու: Պետք է լավ հարձակվենք ու պաշտպանվենք: Մյուսներից տարբերվելու ենք անհատ ֆուտբոլիստներով ու գրագետ խաղով»:
Նախկինում շատ ակումբներ կարճ կյանք են ունեցել…
«Աստված տա, այս ծրագիրը երկար լինի: Արցախը բրենդ է»:
Աշխատանք երկրպագուներին մարզադաշտ հրավիրելու շուրջ
«Երկրպագուների սպասում ենք մարզադաշտում: Եթե լավ խաղանք, նրանք անպայման կգան: Այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվելու»:
Sport.Times.am-ին հայտնի դարձավ նաև, որ «Արցախը» մտադիր է ֆան-ակումբ հիմնել, որը ղեկավարվելու է արցախցի ֆուտբոլասերների կողմից:
Լեգինոերնե՞ր, թե՞ տեղացիներ
«Այս մրցաշրջանում խաղալու ենք հայ ֆուտբոլիստներով: Թիմի կազմում լեգիոներներ չեն լինի: Հետագայում համագործակցելու ենք Արցախի ֆուտբոլի մարզադպրոցի հետ»:
Աշխատանք մամուլի հետ
Ակումբը պաշտոնական կայք կունենա, որը գործածության կհանձնվի մոտ երկու ամսից, իսկ մինչ այդ ակտիվություն է պահպանելու ֆեյսբուքյան էջի միջոցով:
Հ.Գ.
Շնորհանդեսից հետո տեղի ունեցավ ընկերական խաղ «Արցախի» ու «Էրեբունու» միջև: Տիգրան Եսայանի թիմը հաղթեց 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Կարեն Հարությունյանն ու Վազգեն Երանոսյանը:
Հայկ Հովհաննիսյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում