Երևանը հրաժեշտ տվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսին

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությամբ ամփոփվել է Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների ծրագիրը: Հանդիսությանը ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, պետական ու քաղաքական գործիչներ, հոգևոր այրեր, արվեստի ու մշակույթի գործիչներ, բազմաթիվ գրասեր ու արվեստասեր երևանցիներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իր ելույթում համառոտ ներկայացնելով տարվա ընթացքում իրականացված միջոցառումները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այդ ընթացքում Երևանը սիրով հյուրընկալել է գրասեր միջազգային հասարակությանը, կայացել են բազմաթիվ համաժողովներ, փառատոններ ու համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ ու ներկայացումներ: Երևանում բացվել են նաև գրախանութներ, հարստացվել է գրադարանային ֆոնդը, տպագրվել են հարյուրավոր հայ ու արտասահմանցի հեղինակների բազմաթիվ գրքեր.

<<Երևանն անցած տասներկու ամիսներին պատիվ ունեցավ կրելու Գրքի համաշխարհային մայրաքաղաքի բարձր ու պատվավոր տիտղոսը: Դա, կարծում եմ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով հայոց հինավուրց մայրաքաղաքի գրքի ու գրականության նկատմամբ ունեցած դարավոր սիրո, համաշխարհային հանրության վստահության ու գնահատականի դրսևորումն էր: Կարծում եմ, որ քաղաքամայր Երևանն ունեցավ իր հատկանշական դերակատարումը այս գործում և սիրով այս պատվաբեր տիտղոսը ապրիլի 23-ին հայկական պատվիակության կողմից կփոխանցվի Բանգկոկին’ բովանդակային առումով հագեցած, կարևորված ու հարստացած>>,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս վերահաստատել միջազգային հումանիտար ծրագրերին մասնակցելու Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը. «Երևանն այսուհետ ևս պատրաստ է իր ամենագործուն մասնակցությունը բերել ՄԱԿ-ի ու մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր նախաձեռնություններին ու ծրագրերին»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Հայ գրատպության 500 ամյակի պետական հանձնաժողովի քարտուղար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն իր խոսքում նշելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների կարծիքով Երևանում իրականացված ծրագրերը օրինակելի են լինելու գրքի ապագա մայրաքաղաքների համար, նաև կարևորել է, որ իրականացված միջոցառումների արդյունքում այսօր մարդիկ ավելի շատ են կարդում:

<<Փայլուն աշխատանք է կատարվել այս տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից: Այն բարձր տարավ 2012 թվականին Հայաստանի 12-րդ պատմական մայրաքաղաքը գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք լինելու պատիվն ու բեռը: Մեզ համար սա լեցուն ու բազմազբաղ տարի էր: Ինչպես և նախկինում՝ մեծածավալ ծրագրերում մենք որդեգրեցինք խոշոր կտավի մոտեցումը և ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ մեր ժառանգությունը, մեր ազգային արժեքները չեն սահմանափակվում մի քանի տասնյակ հազարավոր կիլոմետրերով: Վստահ եմ, որ մեզանում գրքի մեծարումը չի ավարատվելու փակման այս արարողությամբ: Մենք ականատեսն ենք լինելու բազմաթիվ նոր բախաձեռնությունների և ծրագրերի: Հանձնաժողովի անունից հատուկ շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանին և իմ տեսած նորօրյա Երևանի լավագույն քաղաքապետ Տարոն Մարգարյանին>>,-նշել է Վիգեն Սարգսյանը:

Տոնական միջոցառումների շրջանակում Տարոն Մարգարյանը հետևել է քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված բեմադրությանն ու ազգային նվագարանների համերգին: Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի բակում ունկնդրել է նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարումները:

Քաղաքապետը շրջել է Երևան քաղաքի պատմության թանգարանի ճեմասրահով: Տոնական միջոցառումների շրջանակում անցակացվող գրքի ցուցահանդես-վաճառքի տաղավարներով շրջելիս Տարոն Մարգարյանը նաև մի քանի գիրք է գնել:

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակվելու կապակցությամբ 2012-ին բացված հուշամատյանում, որն ի պահ տրվեց Երևան քաղաքի պատմության թանգարանին, վերջին գրառումը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է կատարել. <<Հպա´րտ եմ Երևանով>>:

Հետևեք մեզ նաև Telegram-ում