Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նմանատիպ
Ապրիլի 21-ին’ Կարմիր կիրակիին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տասը միաբան սարկավագներ:
Ս. Պատարագի ընթացքում Գևորգ Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին’ Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը և շնորհելով հոգևոր նոր անուններ: Արման սրկ. Վարդանյանը վերակոչվեց Տ. Գաբրիել քահանա, Մհեր սրկ. Մուրադյանը’ Տ. Հրաչ քահանա, Գոռ սրկ. Հակոբյանը’ Տ. Տիրայր քահանա, Էդգար սրկ. Սեփանյանը’ Տ. Հարություն քահանա, Արթուր սրկ. Անդրեասյանը’ Տ. Վանանդ քահանա, Լևոն սրկ. Երնջակյանը’ Տ. Աղան քահանա, Գոռ սրկ. Թարվերդյանը’ Տ. Հեթում քահանա, Խաչատուր սրկ. Տյոմկինը’ Տ. Ղևոնդ քահանա, Գերասիմ սրկ. Հայրապետյանը’ Տ. Օշին քահանա, Արմեն սրկ. Սահակյանը’ Տ. Դերենիկ քահանա: Ձեռնադրության արարողության ավարտին քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը տվեցին ներկաներին:
Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հայրը, շնորհավորելով նորընծա քահանա հայրերին, իր քարոզում անդրադարձավ հայ ժողովրդի և Եկեղեցու կյանքում հոգևորականի կարևոր դերակատարությանը: Սրբազան Հայրն ասաց. «Հայաստանյայց Առաքելական Մայր Եկեղեցին վերստին ցնծության և բերկրանքի մեջ է: Դժվար է բառերով փոխանցել այն ոգևորությունը, որ համակել է այս պահին Քրիստոսի անունով ժողովված հավատացյալների բազմությանը’ հոգևորական, թե աշխարհական, ծեր, թե երիտասարդ: Ինչպես Եկեղեցու հայրերն են ասում’ սա անպատմելի ուրախություն է, քանզի մարդկային խոսքն ի զորու չէ արտահայտելու այն հոգևոր փորձառությունը, որ այս պահին ապրում են հավատացյալները երկրի վրա, հրեշտակները երկնքում: Եկեղեցում նոր առաքյալներ են ծնվում’ Տիրոջ խոսքի ծառայության համար, հավատքի վկայության նոր առաջնորդներ… Այս պահը ողջ Եկեղեցու համար հավատքի վերահաստատման սրբազան առիթ է, առաքելական սպասավորության վերանորոգության ներշնչման աղբյուր, հոգևոր կյանքի նոր հորիզոնների բացահայտման հրավեր»: Խոսքն ուղղելով քահանաներին’ ձեռնադրող Սրբազանը պատգամեց. «Մարդկանցից ոչինչ չակնկալեք ձեր առաքելության ընթացքում, Աստծուն դարձրեք ձեզ ապավեն, հիշեք, որ դուք առաքված եք բառիս ամենալայն իմաստով և ամենակարևորը’ Աստծու կողմից: Այս գիտակցության մեջ է թաքնված ձեր հավատի ուժը, այս ոգու առջև փլուզվում են բոլոր տեսակի պատնեշները, բացվում փակ դռները, այս ներշնչմամբ էր սուրբ Պողոսը հպարտորեն հայտարարում’ «Եթե Աստված մեզ հետ է, ով կարող է մեզ դեմ լինել»»:
Այնուհետև Մայր Աթոռի միաբաններն առաջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրացան Ս. Խորան’ շնորհավորելու քահանաներին և համբուրելու նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը:
Նույն օրը’ երեկոյան, կատարվեց նաև վեղարի տվչության արարողությունը: Տ. Տիրայր, Տ. Աղան և Տ. Դերենիկ քահանաները վեղար ստացան’ համալրելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:
Վեղարի տվչության արարողությունից հետո նորաօծ եկեղեցականներին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեցին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը’ հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը նրանց հետագա հոգևոր սպասավորության համար: Վերստին շնորհավորելով ձեռնադրության կապակցությամբ’ Նորին Սրբությունը նորաօծ հոգևորականներին բարի ծառայություն, ամուր կամք և արդյունաշատ աշխատանք մաղթեց’ ի պայծառություն և ի շինություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պատրաստության և աղոթական շրջանից հետո նորընծաները ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում