Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ -ն և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պահանջով դիմում են Թուքիային

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ -ն և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պահանջով դիմում են Թուքիային՝ վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցիներն ու եկեղեցապատկան կալվածքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը.

«2015 թ. հայ ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և ի սփյուռս աշխարհի նշելու է 100-րդ տարելիցը Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության:

1915 թ. ցեղասպանությանը զոհ գնացին ավելի քան մեկուկես միլիոն հայեր, աքսորի ճանապարհներին վերապրած հայերը ապաստան գտան Արևելյան Հայաստանում’ ներկայիս Հայաստանի Հանրապետությունում, Սիրիայում, Լիբանանում, արաբական այլ երկրներում ու աշխարհի տարբեր պետություններում:

Անհատական սեփական կալվածքների հետ Օսմանյան կայսրության ենթակայության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, ինչպես և Թուրքիայի այլ շրջաններում ապրող հայությունը կորցրեց նաև եկեղեցապատկան կալվածքներ’ եկեղեցիներ, սրբատեղիներ, վանքեր, կրոնական, կրթական ու բարեսիրական կենտրոններ, մշակութային ու կրոնական մեծ արժեք ունեցող իրեր’ խաչքարեր, ձեռագրեր, սրբանկարներ և այլն: Ցեղասպանության ենթարկված ու բռնի միջոցներով տեղահանված հայ ժողովրդին պատկանող բոլոր կալվածքները սեփականացվեցին Թուրքիո պետության կողմից’ «լքյալ կալվածքներ» անվան տակ:

Ցեղասպանությունից 98 տարիներ անց Թուրքիո ներկա պետությունը’ որպես իրավահաջորդը Օսմանյան կայսրության, ոչ միայն մերժում է իր նախորդների ծրագրած ու իրագործած ցեղասպանությունը, այլև շարունակում է իր հակահայ քաղաքականությունը’ բռնագրավված պահելով հայ ժողովրդի կրոնական ու մշակութային արժեքները’ եկեղեցապատկան կալվածքներն ու իրերը:

Հետևաբար, կոչ ենք ուղղում Թուրքիո պետությանը և պահանջում.

1) Ճանաչել Հայոց ցեղասպանությունը

2) Ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների և մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց

3) Անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին’ որպես իրավատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները և հոգևոր-մշակութային արժեքները:

Աղոթքով հիշելով Հայոց ցեղասպանության զոհերին’ դատապարտում ենք ամեն բռնարարք’ ուղղված աստվածապարգև կյանքի, մարդու արժանապատվության և մարդկության խաղաղ համակեցության դեմ, քանզի «Աստված խռովության Աստված չէ, այլ’ խաղաղության» (Ա Կորնթ. 14.33), որ մարդկանց կոչել է սիրո, համերաշխության և գործակցության:

Երախտագիտությամբ ենք հիշում բոլոր ժողովուրդներին ու պետություններին, որոնք Ցեղասպանության օրերին ապաստան տվեցին տեղահանված հայերին և հոգատարություն ու եղբայրական սեր ցուցաբերեցին հայրենազրկված ու տարագրված հայերի հանդեպ:

Հայ ժողովուրդը հավետ երախտագետ է լինելու նաև այն բոլոր պետություններին, որոնք մարդասիրության և արդարության սկզբունքներով առաջնորդված’ դատապարտել և պաշտոնապես ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:

Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախասեմին մեր բոլոր կարելիությունները ի գործ պիտի դնենք’ միասնաբար իրականացնելու հայ ժողովրդի պահանջները’ հանուն արդարության և հայության իրավունքների պաշտպանության»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում