Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)
Նմանատիպ
Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ և ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու պետական ավագանու’ կատարվեց հոգեհանգստյան արարողություն’ ի հիշատակ Հայոց Եղեռնի նահատակների: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Նույն օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Արարողության ընթացքում Սրբազան Հայրը հրապարակեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հայտարարությունը, որով կոչ է ուղղվում Թուրքիայի պետությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների և մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց, ինչպես նաև անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին’ որպես իրավատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները և հոգևոր-մշակութային արժեքները:
Ապա պատարագիչ Արտակ Սրբազանն իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին: «…Ամեն հայի մտքում հրով ու սրով խորագրված անջնջելի պատկեր և մշտակենդան պատմություն է Ապրիլյան եղեռնը: Մեր ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունը լոկ պատմական տեղեկություն կամ ճշգրիտ տարեթիվ չէ, այլ ապրող, բաբախող և պատգամող իրականություն: Մեր պատմության սև էջերը, դժբախտությունները, ավերն ու կործանումը, գերությունն ու աքսորը, գաղթն ու ջարդը մահվան ստվերով մեզ երբեք չեն ծանրացրել, որովհետև կարողացել ենք մեր հոգիները թեթև ու պայծառ պահել լուսավոր տեսիլներով, որովհետև մենք եղել ենք և կանք կյանքին ու լույսին նվիրված ժողովուրդ», – նշեց Արտակ եպիսկոպոսը:
«Աստված կոչում է մեզ զինվելու, զինվելու’ ներքնապես, հոգեպես և հոգևորապես, և այսօր օրն է, որ բոլորս լսենք այդ հրավերը, հրավերը’ սթափվելու, արթնանալու, զգաստանալու, ներքնապես զորանալու և պատրաստվելու այն անդուլ և անխոնջ պայքարին, մտքի և հոգու բախումին, որ անհրաժեշտ է արդարության և խաղաղության պայքարին զինվորագրվելու, հանուն նրա պայքարելու և մարտնչելու համար:
Այսօր այն օր է, սիրելինե´ր, որ աշխարհի բոլոր հայերը տարբեր կերպերով միաբանվում են’ մեծարելու հիշատակը նահատակների: Միաբանված են հաղթողների հիշատակի շուրջ` ճանաչելով նրանց նվիրումն այն մեծ հավատքին և համոզմունքներին, նրանց թողած այն մեծ ավանդին, որը երբեք չկորավ…: Այսօրվա մեր այս հավաքը, ինչպես ամեն տարվա մեր հավատարիմ ներկայությունը, դատապարտությունն է անընդունելի այն ոճիրների, որոնք ուղղված են հասարակ մարդ անհատի դեմ, մարդկության դեմ, ուղղված են մեկ կամ ավելի ժողովուրդների դեմ, այդ ժողովուրդների մշակույթի, դրանց անխնա ոչնչացման, մարդկային կյանքի նվիրական արժեքների, սրբությունների ոտնահարման և ուրացման դեմ», – պատգամեց Սրբազան Հայրը:
Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի շրջաբակում ի հիշատակ 1915 թ. Հայոց Եղեռնի նահատակների կանգնեցված Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան արարողություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում