Նորայր Գյոզալյան. Կարևորը` գոլերս հաղթանակ բերեն թիմիս

Նորայր Գյոզալյան. Կարևորը` գոլերս հաղթանակ բերեն թիմիս

Allsport.am-ի զրուցակիցը Դիլիջանի «Իմպուլսի» առաջատարներից Հայաստանի ընթացիկ առաջնության դեռևս լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանն է: Նորայրի հետ զրուցել ենք իր կարիերայից, ֆուտբոլային ճաշակից, նախասիրություններից:

-Նորա՛յր, «Բանանցի» մարզադպրոցի սան ես և կարիերադ սկսել ես հենց այդ թիմում: Կպատմե՞ս առաջին քայլերիդ մասին. ե՞րբ սկսեցիր հաճախել ֆուտբոլի, քո՞ ցանկությամբ ընտրեցիր այս ուղին:

-Ֆուտբոլի հաճախել եմ 8-9 տարեկանից`Մալաթիայի հանրապետական մարզադպրոց, որը հետագայում գնեց «Բանանցը»: Առաջին մարզիչս եղել է Հակոբ Անդրեասյանը: Մարզումների, իհարկե, սիրով եմ մասնակցել. երբեմն էլ չէի հասցնում հաճախել դպրոց և շտապում էի ֆուտբոլի:

-Իսկ ե՞րբ որոշեցիր, որ ֆուտբոլը պետք է ընտրես որպես մասնագիտություն:

-Ֆուտբոլը` որպես լուրջ մասնագիտություն, ընտրել եմ 14-15 տարեկանում: 16 տարեկանից արդեն հրավիրվեցի «Բանանցի» առաջին թիմ և այդպես սկսվեց իմ ֆուտբոլային ուղին:

-«Իմպուլս» տեղափոխվեցիր 2011 թվականին և կարելի է ասել` կարճ ժամանակահատվածում դարձար թիմի առաջատարներից մեկը: Ո՞րն էր հաջողության գաղտնիքը:

-«Իմպուլսի» մարզիչն Արմեն Գյուլբուդաղյանցն է, ում հետ աշխատել ենք և՛ 19 տարեկանների հավաքականում, և՛ «Բանանցում», արդեն ճանաչում, վստահում էր ինձ և հարմարվելու խնդիր չեղավ:

-Այսինքն, հաջողություններդ կապում ես մարզչի՞ հետ:

-Այո, ամեն ինչ կախված է մարզչից: Այժմյան իմ հաջողություններն էլ, եթե կարելի է այդպես ասել, կապված են մարզչի հետ:

-Ընթացիկ առաջնությունում դարձել ես արդեն 22 գոլի հեղինակ, և ամենայն հավանականությամբ, հենց դու կճանաչվես լավագույն ռմբարկու: Խփածդ գոլերից ո՞րն է առավել հիշարժան:

-Չեմ կարող ասել…երևի ամենահիշարժանը վերջին գոլն էր’ «Փյունիկի» դարպասը խփած, որովհետև դա եմ հիշում (ժպտում է-հեղ.): Բոլորն էլ ինձ համար միևնույն կարևորությունն ունեն. Գլխավորը’ գոլերս հաղթանակ բերեն թիմին:

-Մրցաշրջանից առաջ նպատակ դրե՞լ էիր քո առջև, թե քանի գոլ պետք է խփես:

-Նման նպատակ չեմ ունեցել: Պարզապես մտածել եմ, որ պետք է շատ գոլեր խփեն և դրանցով օգնեմ թիմիս հաղթանակներ տոնել:

-Իսկ կա՞ն դարպասապահներ որոնց պաշտպանած դարպասը հատկապես բարդ է գրավել:

-Ոչ, չկան: Հայ դարպասապահներից ոչ ոքի չեմ առանձնացրել:

-Առաջնության ավարտին մնացել է 4 տուր, և «Իմպուլսը» 57 միավորով 5-րդն է, սակայն «Փյունիկին» և «Գանձասարին» զիջում է ընդամենը 2 միավորով: Ի՞նչ ես կարծում’ կկարողանաք երրորդ հորիզոնականը զբաղեցնել:

-Եվ՛ մենք, և՛ «Գանձասարը», և՛ «Փյունիկը», չնայած երկու միավորի տարբերությանը, երրորդ տեղը զբաղեցնելու համար գրեթե հավասար հնարավորություններ ունենք: 4 տուրում հնարավոր է ամեն բան. «Գանձասարի» հետ խաղ ունենք և՛ մենք, և՛ «Փյունիկը»: Եթե այս 4 խաղում լավ հանդես գանք, ապա հնարավոր է զբաղեցնենք երրորդ հորիզոնականը:

-Կան ֆուտբոլիստներ, ովքեր խաղերից առաջ կամ գոլ խփելիս որոշակի սովորություններ ունեն, որոնք «պարտաճանաչ» կատարում են: Դու նման սովորություններ ունե՞ս:

-Ոչ, ընդհանրապես նման սովորություններ չունեմ: Կարծում եմ’ յուրաքանչյուր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ խաղից առաջ գիտակցում է’ ինչի՞ համար է դաշտ դուրս գալիս: Այդքանն արդեն սիկ բավարար է:

-Հայաստանի մինչեւ 17 եւ 19 տարեկանների հավաքականներում խաղացել ես: Կարո՞ղ ենք ասել, որ առաջիկա նպատակներիցդ մեկը ազգային հավաքականից հրավեր ստանալն է:

-Ըստ իս, յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստ ամեն ինչ անում է, որպեսզի խաղա ազգային հավաքականում: Ես ևս բացառություն չեմ: Ամեն օր աշխատում եմ այդ ուղղությամբ և փորձում եմ ամեն բան անել’ հավաքականից հրավեր ստանալու համար:

-Հայաստանի ազգային հավաքականի վերջին ելույթների մասին ի՞նչ կասես:

-Լավ չեղավ, որ պարտվեցինք Չեխիային. Աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը գրեթե կորցրեցինք: Առաջին խաղակեսում լավ խաղացին, սակայն երկրորդում’ առաջին գոլն ընդունելուց հետո, իմ կարծիքով, խաղն արդեն ավարտվեց:

-Ֆուտոլային կյանքում քո գերնպատակը ո՞րն է:

-Նպատակներից մեկը լավ թիմում հանդես գալն է. դառնալ լավ ֆուտբոլիստ և խաղալ լավ թիմում:

-Նորա՛յր, ֆուտբոլից դուրս ի՞նչ նախասիրություններ ունես: Ինչո՞վ ես սիրում զբաղվել:

-Ես չեմ սիրում ակտիվ հանգիստը: Պասիվ հանգստի կողմանկից եմ: Սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել ընտանիքիս, ընկերներիս հետ, գրքեր կարդալ: Սիրում եմ հետևել թենիսի, շախմատային խաղերին:

 

Մի փոքր Նորայր Գյոզալյանի ֆուտբոլային ճաշակի մասին.
-Ո՞ր երկրի առաջնության խաղերին ես առավել մեծ ուշադրությամբ հետևում:

-Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Անգլիայի առաջնություններին:
-Սիրած մրցաշարը:

-Չեմպիոնների լիգա:
-Ո՞ր թիմերը դուրս կգան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

-«Ռեալ», «Բավարիա»:
-Արտասահմանցի ո՞ր ֆուտբոլիստի խաղաոճն է քեզ առավել հոգեհարազատ:

-Կարիմ Բենզեմա:
– Ֆուտբոլիստներ, որոնց հետ երազում ես կամ մեծ ցանկություն ունես խաղալու նույն թիմում:

-Դարպասապահը կլիներ Ջանլուիջի Բուֆֆոնը: Պաշտպանությունում կցանկանայի խաղային Սերխիո Ռամոսը, Ջոն Թերրին: Կիսապաշտպանությունում’ Դավիդ Սիլվան, Ուեսլի Սնեյդեր: Հարձակվողները’ կամ Բենզեմա կամ Սուարես:

Հավելենք` ավելի ուշ կներկայացնենք Նորայր Գյոզալյանի հետ նաև մեր բլից հարցումը:

Հարցազրույցը` Գայանե Աբասյանի

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում