Իրանից դեպի Հայաստան գազի արտահանումն ընդլայնվելու է

Իրանից դեպի Հայաստան գազի արտահանումն ընդլայնվելու է

Իրանական նավթային ընկերությունը հայտարարել է Հայաստան գազի արտահանումն ընդլայնելու և ավելացնելու պայմանագրի ստորագրման մասին։ Պաշտոնական պայմանագիրը ստորագրվել է Երևանում՝ Իրանի նավթի փոխնախարար և ազգային գազի ընկերության գլխավոր տնօրեն Մաջիդ Չեգենիի, ՋԷԿ-ի տնօրեն Արամ Ղազարյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ու Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիի ներկայությամբ։

Նոր պայմանագրի շուրջ առաջին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2022 թվականի նոյեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան կատարած այցի ժամանակ, և տեխնիկական բանակցություններից հետո այս պայմանագրի փաստաթուղթը վերջնական տեսքի է բերվել հինգշաբթի՝ օգոստոսի 10-ին։

Իրանական գազի արտահանումը Հայաստան իրականացվում է երկու երկրների միջև էներգակիրների փոխանակման համաձայնագրի շրջանակներում։ Երկրների փորձագիտական ​​պատվիրակությունների բանակցությունները կենտրոնացել են պայմանագրի տևողության, արտահանման ծավալների և էլեկտրաէներգիայի ու գազի փոխարժեքի վրա։

Պայմանագրի համաձայն՝ ավելացել են դեպի Հայաստան գազի արտահանման ծավալները, գազի փոխարժեքը էլեկտրաէներգիայի դիմաց ճշգրտվել է՝ հօգուտ Իրանի գազի ազգային ընկերության, իսկ պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը։ Իրանական արտահանվող գազատարը տարեկան ի վիճակի է Հայաստան տեղափոխել ավելի քան մեկ միլիարդ խորանարդ մետր բնական գազ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում