Ուելսի արքայադուստր Քեյթը նոր վավերագրական ֆիլմում կպատմի քաղցկեղի դեմ պայքարի և ապաքինման մասին

Ուելսի արքայադուստր Քեյթը նոր վավերագրական ֆիլմում կպատմի քաղցկեղի դեմ պայքարի և ապաքինման մասին

Ուելսի արքայադուստր Քեյթը նոր վավերագրական ֆիլմում կանդրադառնա քաղցկեղի դեմ իր պայքարին և ապաքինման ուղուն, որն այս ամիս կցուցադրվի միջազգային եթերում։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Քենսինգթոնյան պալատը։ «Heal» («Բուժում») խորագրով ֆիլմի պրեմիերան նոյեմբերի 29-ին կկայանա BBC-ով, որից հետո այն հասանելի կլինի նաև ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Կանադայում։

BBC-ի հրապարակած թրեյլերում արքայադուստրը նշում է. «Քաղցկեղը փոխում է քեզ։ Այն փոխում է մարմինդ, ֆիզիկապես փոխում է քեզ, բայց քաղցկեղի ախտորոշումը շատ ավելի խորը տեղաշարժեր է առաջացնում քո ներսում»։ Գահաժառանգ արքայազն Ուիլյամի կինը 2024 թվականի մարտին էր հայտնել, որ բուժում է ստանում քաղցկեղի դեմ՝ որովայնի խոռոչի լուրջ վիրահատությունից հետո արված հետազոտությունների արդյունքում հիվանդությունը հայտնաբերելուց հետո։ Քաղցկեղի տեսակը հրապարակայնորեն չի նշվել։

Ֆիլմը ներկայացնում է արքայադստեր մասնակցությունը «Երեք գագաթների մարտահրավեր» նախաձեռնությանը, որի շրջանակում նա 24 ժամվա ընթացքում բարձրացել է Շոտլանդիայի, Անգլիայի և Ուելսի ամենաբարձր լեռները՝ ի աջակցություն The Royal Marsden Cancer Charity բարեգործական կազմակերպության։

Քենսինգթոնյան պալատի տարածած հայտարարության համաձայն՝ ֆիլմը քննում է ծանր հիվանդության ազդեցությունը թե՛ բուժառուների, թե՛ նրանց շրջապատի վրա՝ հիմնվելով ինչպես Քեյթի, այնպես էլ առողջական խնդիրների առջև կանգնած այլ մարդկանց փորձառության վրա։ Ինչպես նշել է արքայադուստրը, նախագծի նպատակն է օգնել մարդկանց կողմնորոշվել ախտորոշման, բուժման և ապաքինման փուլերում, ինչպես նաև ընդգծել խնամքի այն մոտեցումները, որոնք պահպանում են հիվանդների բարեկեցությունը բուժման ընթացքում և դրանից հետո։

Մեծ Բրիտանիայում ֆիլմը նոյեմբերի 29-ին կհեռարձակվի BBC One-ով և BBC iPlayer հարթակում, որից հետո կցուցադրվի ԱՄՆ-ում՝ NBC-ով, Ավստրալիայում՝ Channel 9-ով, իսկ Կանադայում՝ CTV-ով և Noovo-ով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում