Ուղևորներին ժամերով պահել են օդանավի մեջ

Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքից Երևան ժամանող «Արմավիա» ավիաընկերության 888 համարի չվերթը երեկ չի կայացել: Պատճառը օդանավի խափանված շարժիչն է եղել: Ինչպես նշում է Tert.am գործակալությունը, այս մասին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին տեղեկացրել է չվերթի ուղևորներից Լիանա Խաչատրյանի մայրը՝ Սառա Տոնոյանը: Վերջինս մանրամասներ է պատմել դեպքի եղելությունից:

«Թռիչքը պետք է կայանար ժամը 13:30-ին, սակայն հայտարարվել է, որ այն հետաձգվում է մինչև 15:00-ն: Աղջիկս՝ իր մեկ տարեկան երեխայի հետ գնացել է տուն, այնուհետ վերադարձել և գրանցում անցել ժամը 15:00-ից մինչև 15:30-ի սահմաններում: Ինքնաթիռ են նստել 17:30-ից 18:00-ի սահմաններում: Անընդհատ զանգում ենք աղջկաս, ասում է՝ մամ դեռ մեջն ենք: Մեկ էլ զանգեց ասեց, որ ինքնաթիռի «մատորի» հետ խնդիր կա, ասում են թռիչքը կձգձգվի»,- ասաց Սառա Տոնոյանը և նշեց, որ ինքնաթիռի դռները բացել են և ուղևորներին տեղափոխել են օդանավակայան միայն այն բանից հետո, երբ ուղևորները աղմուկ են բարձրացրել և պահանջել, որ իրենց տարհանեն:

Երկար ժամանակ օդանավակայանում սպասելուց հետո, ըստ Սառա Տոնոյանի, ժամը 23:00-ի սահմաններում Սանկտ-Պետերբուրգի օդանավակայանում ուղևորներին տեղեկացրել են, որ թռիչք չի կայանա և ուղևորների կեսին հյուրանոց են տեղափոխել, մյուսներն էլ գնացել են տուն:

«Առավոտյան զանգել կանչել են և ուղևորների մի մասը մեկ այլ օդանավով կարողացել են ժամանել Հայաստան՝ Գյումրիի օդանավակայան: Մյուսները շարունակում են մնալ Պետերբուրգի օդանավակայանում: Այնտեղ է նաև աղջիկս իր փոքրիկի հետ: Իրենց ասել են սպասեք, ձեր տոմսերը հետ ենք վերցնելու: Բայց վերադարձնելու են գումարի միայն 70%-ը, ինչը ֆինանսական խնդիր է ստեղծում մեկ այլ տոմս գնելու համար: Մեղքը «Արմավիա»–ինն է, թող ուրիշ օրվա տոմս տան՝ էդ երեխեքը գան»,- ասաց Սառա Տոնոյանը:

Սառա Տոնոյանը նաև նշեց, որ Սանկտ-Պետերբուրգի օդանավակայանում «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչն ասել է՝ «լավ է չեք թռչել, թե չե փորձանքի էիք հանդիպելու»:

Նշենք նաև, որ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքէջում վերոնշյալ չվերթի մասին որևէ տեղեկություն չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում