Հայտնի են Եվրո-2012-ի քառորդ եզրափակչի առաջին զույգերը

Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականները դուրս են եկել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: B խմբի վերջին երկու հանդիպումների ընթացքում գերմանացիաները 2:1 հաշվով հաղթեցին Դանիայի ընտրանուն, իսկ պորտուգալացիները՝ նույն հաշվով առավելության հասան Հոլանդիայի ֆուտբոլիստների նկատմամբ:

Գերմանիա-Դանիա հանդիպման ժամանակ հաշիվը բաղվել է խաղի 19-րդ րոպեում: Գոլի հեղինակ դարձավ գերմանացիների առաջատար ֆուտբոլիստներից մեկը՝ Լուկաս Պոդոլսկին: 8 րոպե անց դանիացիներին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Գլխի գեղեցիկ գոլով աչքի ընկավ Միքաել Կրոն-Դելին: Թվում էր, թե խաղն այս հաշվով էլ կավարտվի, սակայն երկրորդ խաղակեսի վերջում գերմանացիների կիսապաշտպան Լարս Բենդերը հաղթանակ պարգևեց իր թիմին:

Հոլանդացիների դեմ խաղի ընթացքում Պորտուգալիայի հավաքականում երկու անգամ աչքի ընկավ Քրիշտիանու Ռոնալդուն: Վերջինս նախ խաղի 26-րդ րոպեում հավասարեցրեց հաշիվը, հետո դարձավ նաև հաղթական գոլի հեղինակ:

Այսպիսով B խմբում առաջին տեղն է զբաղեցրել Գերմանիայի հավաքականը (9 միավոր), իսկ երկրորդը՝ Պորտուգալիան (6 միավոր): Քառորդ եզրափակիչում այս թիմերը կհանդիպեն համապատասխանաբար Հունաստանի և Չեխիայի հավաքականների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում