Օրենսդրական անորոշություն. Արեգա Հովսեփյանը առաջարկում է կարգավիճակ տալ պատերազմի քաղաքացիական զոհերին

Օրենսդրական անորոշություն. Արեգա Հովսեփյանը առաջարկում է կարգավիճակ տալ պատերազմի քաղաքացիական զոհերին

Հայաստանի Ազգային ժողովում պատերազմական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց հարազատների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել է օրենսդրական բացի և իրավական կարգավիճակի բացակայության լուրջ խնդիրը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը հայտարարել է, որ պատրաստվում է հանդես գալ հատուկ օրենսդրական նախաձեռնությամբ, որը հնարավորություն կտա իրավական կարգավիճակ սահմանել պատերազմի քաղաքացիական զոհերի համար։

Գործող օրենսդրական կարգավորումներով հստակ կարգավիճակ ու սոցիալական երաշխիքներ են նախատեսված բացառապես ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների համար, մինչդեռ «քաղաքացիական զոհ» եզրույթն ու համապատասխան իրավական ձևակերպումներն օրենքում իսպառ բացակայում են։

Ըստ պատգամավորի՝ իշխանություններն այս բացթողումն ու կարգավիճակի չտրամադրումը հաճախ պատճառաբանում են նրանով, որ ողբերգական դեպքերի պահին փաստացի լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն ընթացել։ Արեգա Հովսեփյանը վստահեցրել է զոհվածների հարազատներին, որ հետևողականորեն շարունակելու է պայքարը՝ խնդրին արդարացի և օրենսդրական լուծում տալու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում