Դատարանը մեղավոր է ճանաչել Գարեգին Երկրորդի եղբորն ու եղբորորդուն. Նախընտրական քարոզչության խոչընդոտման գործը
Կարդացեք նաև
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, մեղադրական վերդիկտ է կայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի վերաբերյալ։ Դատարանը երկուսին էլ մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված արարքում՝ մի խումբ անձանց կողմից նախընտրական քարոզչության իրականացմանը խոչընդոտելու համար։
Գործի մանրամասների համաձայն՝ միջադեպը տեղի էր ունեցել Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ Ոսկեհատ բնակավայրում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ «Հանրապետություն» կուսակցության թեկնածուների կողմից քարոզչական նյութեր տարածելու ժամանակ Գևորգ և Համբարձում Ներսիսյանները, հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, պահանջել են հեռանալ գյուղից և խոչընդոտել են պլանավորված միջոցառումների անցկացմանը։
Բացի այդ, ըստ գործի նյութերի, Ներսիսյանները սեփական ավտոմեքենաներով շրջել են քարոզարշավի անցկացման վայրում, ինչի հետևանքով կուսակցության թեկնածուներն ու աջակիցները ստիպված են եղել ընդհատել հանդիպումները և հեռանալ բնակավայրից։ Դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցները՝ գրավն ու բացակայելու արգելքը, թողնվել են անփոփոխ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում