«Ժողովուրդը». Գյումրու քաղաքապետի ընտրություններին ընտրապայքար են մտցվել թեկնածուներ
Նմանատիպ
«Ժողովուրդը» գրում է. «Վարդան Ղուկասյանը հայտնվեց խաղից դուրս. ու սա գերազանցապես Շիրակի «գեներալ-գուբերնատոր» մարզպետ Աշոտ Գիզիրյանի անմիջական ջանքերով: Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրություններից հետո Գյումրիում ՀՀԿ-ի խայտառակ պարտության մասին առաջինը խոսեց հենց Գիզիրյանը՝ ընտրությունների արդյունքների, մասնավորապես ՀՀԿ-ի՝ սպասվածից քիչ ձայներ հավաքելու ողջ պատասխանատվությունը բարդելով Վարդան Ղուկասյանի վրա:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հենց Աշոտ Գիզիրյանի անմիջական ջանքերով Գյումրու քաղաքապետի ընտրություններին ընտրապայքար են մտցվել ձեւական կողմն ապահովող թեկնածուներ: Նրանցից մեկն աշխատում է հենց մարզպետարանում՝ Գիզիրյանի ենթակայության տակ. խոսքը դաշնակցական, ՇՄ ֆինանսատնտեսական զարգացման վարչության պետ Հովսեփ Սիմոնյանի մասին է:
Վերջինս, ինչպես մեզ հաջողվեց պարզել, ընտրություններին մասնակցելու է ոչ թե իր հարազատ կուսակցության որոշմամբ, այլ ինքնաառաջադրվել է: Ասել է թե՝ նրա թեկնածությունն առաջ է քաշել ոչ թե ՀՅԴ-ն, այլ, ամենայն հավանականությամբ, գեներալ Գիզիրյանը: Հաջորդ թեկնածուն Անդրանիկ Ավետիսյանն է՝ «Ադո վուլֆ» ՓԲԸ տնօրենը: Մյուս երկուսը եւս գյումրեցիների շրջանում ոչ այնքան ճանաչված անձնավորություններ են՝ անկուսակցական Սպարտակ Պետրոսյան եւ ինքնաառաջադրված թեկնածու Ռաֆայել Ասատրյան:
Միայն թե անհասկանալի է՝ ինչու է Գիզիրյանն այս ողջ խաղը կառուցել այդքան փնթի: Այն աստիճան, որ անգամ անզեն աչքով է երեւում «ընտրություններ» անվան տակ Գյումրիում սպասվելիք միջոցառման ողջ ձեւականությունը: Ընդ որում, հարկ է շեշտել, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Գյումրիում քաղաքապետի աթոռի համար պայքարը թեժ չի լինելու:
Մինչդեռ նախկինում՝ 1995թ. սկսած, այստեղ ընտրությունները մշտապես անցել են ծայրաստիճան լարված մթնոլորտում՝ հիշեցնելով կենաց-մահու պայքար: Արդյունքում՝ մայրաքաղաքից հատուկջոկատայիններ են տարվել՝ իրավիճակը վերահսկելու համար:
Անդրադառնանք ավագանու տեղերի համար պայքարողների ցանկին: Առաջադրված 72 թեկնածուների մեջ գերակշռում են անկուսակցականները: Կա 16 ՀՀԿ-ական, 13 ԲՀԿ-ական, Հայ ազգային կոնգրեսից՝ 3, ՕԵԿ-ից ու ՀՅԴ-ից՝ 2-ական ներկայացուցիչ: Այլ կերպ ասած՝ ավագանու մեկ տեղի համար Գյումրիում կպայքարի 3 մարդ: Ավագանու անդամության համար պայքարում իրենց թեկնածությունն են դրել քաղաքացիական ակտիվությամբ վերջին շրջանում աչքի ընկնող «Քաղաքը մերն է» նախաձեռնության անդամները»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում