Յուրա Մովսիսյան. Ցանկանում եմ` «Սպարտակը» միշտ առաջինը լինի
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը 27 տարեկան է: Տարիքը ֆուտբոլային է, սակայն ընթացիկ մրցաշրջանում Յուրայի մոտ ամեն ինչ չէ, որ ստացվում է:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Մովսիսյանը համեմատել է Մուրատ Յակինի և Վալերի Կարպինի թիմերը, խոսել է մրցակցությունից և նշել է, թե ինչը չի բավարարում «Սպարտակին» Ռուսաստանի չեմպիոն դառնալու համար:
-Արտյոմ Ձյուբայի հեռանալուց հետո մեկնարկային կազմում տեղ գտնելու մրցակցությունը պետք է նվազեր, բայց վերջին խաղերը սկսում եք պահեստայինների նստարանից: Ինչպե՞ս եք վերաբերում այս իրավիճակին: Ցավալի չէ՞ մեկնարկային կազմում տեղը զիջել երիտասարդներին:
-Ֆուտբոլում միշտ էլ այդպես է, երբ քեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում կամ վատ է ստացվում: Ճիշտ է` զարմանալի է, որ իմ նկատմամբ նման որոշում կայացրին միայն մեկ` «Կրասնոդարի» հետ խաղից հետո, բայց դա մարզչի որոշումն է: Մեկնարկային կազմում տեղ գտնելու համար միշտ էլ պայքար է ընթանում: Այնպես որ, դա անգամ չի քննարկվում:
Ինչ վերաբերվում է Դենիս Դավիդովին, ով հաջորդ երկու խաղերում մեկնարկային կազմում էր, ապա պետք է նշել, որ «Սպարտակը» երկու հաղթանակ տոնեց, իսկ հաղթական կազմը, ինչպես ասում են, չեն փոխում: Եթե խաղում է, նշանակում է` արժանի է: Մենք վատ ֆուտբոլիստներ չունենք:
-Բացի Արազ Օզբիլիսից, Հայաստանի ազգային հավաքականից ո՞վ կարող էր խաղալ «Սպարտակում»:
-Կարծում եմ` Հայաստանի հավաքականում կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են խաղալ «Սպարտակում»: Բնականաբար, հավաքականում են լավագույնները, և մենք բոլոր օղակներում ունենք ֆուտբոլիստներ, ովքեր համապատասխանում են «Սպարտակի» պահանջներին:
-Վերջերս «Սպարտակը» սկսեց խաղալ սեփական մարզադաշտում: Որքանո՞վ են փոխվել տնային հանդիպումները:
-Չեմ կարող ասել, որ ամեն ինչ կտրուկ փոխվել է, բայց փոփոխություն, բնականաբար, կա: Այժմ միանշանակ կարելի է ասել, որ «Սպարտակը» սեփական խաղադաշտում ընդունում է մրցակիցներին: Սա մեր տունն է, մեր խաղադաշտը, այստեղ շատ են մեր երկրպագուները, ովքեր խաղերի ժամանակ աջակցում են մեզ: Նոր մարզադաշտում զգացվում է սպարտակյան ոգին:
-Ինչո՞վ է Մուրատ Յակինը տարբերվում Վալերի Կարպինից: Նրա նշանակումից հետո ի՞նչ է փոխվել:
-Այժմյան «Սպարտակի» և Կարպինի «Սպարտակի» միջև շատ տարբերություններ կան: Կարպինի օրոք մենք ավելի վառ ֆուտբոլ էինք ցուցադրում, ավելի դիտարժան: Այն ժամանակ, իմ կարծիքով, ավելի թիմային էինք խաղում, ավելի գեղեցիկ, քան հիմա: Կարպինը սպարտակցի էր, և թիմը սպարտկյան ֆուտբոլ էր խաղում: Յակինը փոխեց ոճը: Ինչ կարող ենք ասել, եվրոպացի մարզիչ է, և ոճն էլ եվրոպական է: Յուրաքանչյուր մասնագետ իր ձեռագիրն ունի: Չեմ մանրամասի, բայց Կարպինի օրոք այլ ֆուտբոլ էր:
-«Սպարտակում» ովքե՞ր են Ձեր լավագույն ընկերները: Խաղադաշտիդ դուրս ու՞մ հետ եք շփվում:
-Բոլորի հետ էլ շփվում եմ: Թիմի բոլոր ֆուտբոլիստների հետ նորմալ հարաբերություններ ունեմ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս, բայց առօրյա կյանքում ավելի շատ Արազ Օզբիլիսի հետ եմ շփվում:
-«Սպարտակի» առջև միշտ մեծ նպատակներ են դրվում, բայց դրանք իրագործել չի ստացվում: Դա հոգեբանորեն չի՞ ազդում:
-Համաձայն եմ` «Սպարտակը» միշտ պայքարում է տիտղոսի համար: Այլ կերպ չի կարող լինել: Թիմը հարուստ պատմություն և անուն ունի, բայց խնդիրը լուծելու և չեմպիոն դառնալու համար, պետք է համապատասխան թիմ ունենալ: Ցանկացած դիրքում պետք է լինի ոչ թե մեկ, այլ առնվազն երկու ֆուտբոլիստ: Մրցաշրջանը երկար է, և ամեն ինչ կարող է լինել: Օրինակ` վնասվածք, իսկ փոփոխությունները պետք է հավասազոր լինեն: Կարծում եմ` այժմ չենք կարող պայքարել ոսկե մեդալների համար, բայց հույս ունեմ` դա կանենք մոտ ապագայում:
-Ռուսաստանի առաջնությունում կա՞ն ակումբներ, որտեղ երբեք չեք տեղափոխվի:
-Կան շատ ակումբներ, որտեղ ես չեմ խաղա: Անուններ չեմ տա, բայց նման ակումբները շատ են: Ես «Սպարտակում» եմ և սա իմ թիմն է:
-Ո՞ր տեղում մրցաշրջանը կավարտի «Սպարտակը» և ո՞ր տեղում կլինի հաջորդ մրցաշրջանում:
-Ցանկանում եմ, որ «Սպարտակը» միշտ առաջինը լինի, բայց ոչ ոք չի կարող ասել, թե որ տեղում կլինենք այս տարի կամ հաջորդ մրցաշրջանում: Միայն կարող եմ հավաստիացնել, որ յուրաքանչյուր խաղում և յուրաքանչյուր մրցաշրջանում թիմն ունի մեկ նպատակ` հաղթել: Ժամանակը ցույց կտա, թե երբ և որ տեղում:
-Ռուսական ո՞ր թիմերի հետ խաղերն են Ձեզ համար առավել սկզբունքային:
-«Սպարտակի» դեմ բոլոր թիմերը բարձր տրամադրվածությամբ են խաղում: Բոլորի համար «Սպարտակին» հաղթելը մեծ արդյունք է: «Սպարտակը» եղել է և կմնա Ռուսաստանի լավագույն ակումբների շարքում, բայց իհարկե պետք է առանձնացնել «Դինամոյին», ԲԿՄԱ-ին, «Լոկոմոտիվին» և «Զենիթին»: Պատմությունը ցույց է տվել, որ այս թիմերի հետ խաղերը մեծ նշանակություն ունեն և մեծ լարվածությամբ են անցնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում