Հայկական ռազմարդյունաբերության այսօրը. ամբողջ տանկի դետալների 20-25%-ը մենք ենք արտադրում (ֆոտո)
Նմանատիպ
Չարենցավանի հաստոցաշինական գործարան. այստեղ է երկրորդ կյանք ստանում ՀՀ ԶՈՒ զինտեխնիկան:
Տարեկան մոտ 300-320 դետալ է յուրացվում, նախագծվում և պատրաստվում վերանորոգվող տեխնիկայի համար՝ զրահատեխնիկա, հրետանի, և հատուկ տեխնիկա:
«Հինը փոխարինում ենք մեր պատրաստածով: Այսօր ամբողջ տանկի դետալների 20-25%-ն արդեն նախագծվում և արտադրվում է այս գործարանում: Ամեն դետալին երաշիք չենք տալիս, մենք երաշխիք ենք տալիս ընդհանուր վերանորոգված տեխնիկային»,- ասում է գործարանի տնօրեն Հովիկ Ղարախանյանը` հավելելով, որ արդեն հասցրել են յուրացնել զրահատեխնիկայի, հրետանային ու հատուկ տեխնիկայի մոտ 5500 դետալ, որի 70 տոկոսը բաժին է ընկնում տանկերին:
Դեռևս 1972-ից խորհրդային միության զորահավաքային ծրագրով Չարենցավանի հաստոցաշինական գործարանը նախատեսված էր պատերազմի ժամանակ Տ72 տանկերի նորոգման համար: Այսօր այստեղ նաև ԲՄ 21 գրադ կայաններ են արդիականացվում. շարժիչն են փոխարինում նորով՝ բենզինայինը՝ դիզելայինով և կրակային մասն են ամբողջովին նորոգում: Այս պահին վեցն ընթացքի մեջ են:
«Բոլորս ինժեներ-մեքենաշինարար ենք, մեզ համար կապ չունի, թե ինչ մեքենա. ինչ-որ մետաղից է կարող ենք վերանորոգել, արտադրել, արդիականացնել»,-շեշտեց ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը:
Վերջինը տեղեկացրեց, որ ստեղծված են շրջիկ, արտագնա վերանորոգող խմբեր, որոնք պարբերաբար այցելում են զորամասեր, ավելին՝ մեկնում են տարբեր երկրներ, որոնց անուններն օբյեկտիվ հանգամանքներից ելնելով՝ չգաղտնազերծվեցին:
Հիշեցնենք, որ 2012-ին Հայաստանի Հանրապետության «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի և Ռուսաստանի Դաշնության «Ուրալվագոնզավոդ» գիտաարտադրական կորպորացիա» ԲԲԸ-ի միջև ստորագրվեցին շրջանակային պայմանագրեր։
Ուրալվագոնզավոդ» ընկերությունը զրահատեխնիկայի արտադրությամբ զբաղվող խոշորագույն ընկերությունն է Ռուսաստանում, որը մասնավորապես զբաղվում է տանկերի արտադրությամբ, արդիականացմամբ և նորոգմամբ։
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում