Մեկ ամիս` Քարվաճառի բնակիչ

Այսօր ուղիղ մեկ ամիս է, որ ես բնակվում եմ Քարվաճառում: Ազատագրված հայրենիք տեղափոխվելու վերջնական որոշումը կայացվել է գրեթե մեկ տարի առաջ, բայց միեւնույնն է, տեղափոխվելիս մի պահ թվում էր, թե սա արագ կայացված որոշում է: Մի բան է ասելը, լրիվ այլ բան է անելը: Քարվաճառ գալու մասին մտածում էի, պատկերացնում, եւ ահա մի օր մտածածս ու պատկերացրածս իրականություն դարձան: Գիտեք, նման տեղափոխությունն իրականում այնքան էլ հեշտ չի: Ի նկատի չունեմ կենցաղային խնդիրները, որոնց, բնականաբար, հանդիպում եմ Քարվաճառում, նկատի չունեմ անգամ այն, որ Քարվաճառում նոր տեղափոխվածների համար ուղղակի որեւէ տուն չկա: Նկատի ունեմ կենսակերպի փոփոխությունը: 24 տարի քաղաքաբնակ եղած մարդու համար (իսկ ես հենց 24 տարեկան եմ) Քարվաճառ տեղափոխվելը նշանակում է հրաժարվել մի շարք բաներից. թատրոնից, համերգից, ցուցահանդեսից, փառատոններից, գրքերի շնորհանդեսներից, ֆիլմի պրեմիերաներից, արվեստագետների հետ հարցազրույցներից, հին ընկերների հետ թափառելուց…
Մեկ ամիս է, որ նշածս հիանալի երեւույթներից հեռու եմ: Հեռու եմ, սակայն մեկ ամսվա մեջ անգամ մի պահ չեմ ափսոսում կայացրածս ու իրականացրածս որոշման համար: Իհարկե, Քարվաճառում շատ բաների պակաս կա, ու հենց դրանով էլ ինձ փորձում էին վախեցենել շրջապատիս մարդիկ` ասելով, թե Քարվաճառում անելիք չեմ ունենալու: Բայց ճիշտ հակառակը. անելիք չկա այնտեղ, որտեղ արդեն ամեն ինչ արված է, եւ շատ անելիք կա այնտեղ, որտեղ դեռ ամեն ինչ պետք է նոր ստեղծել:
Քարվաճառում հիանալի մարդիկ են ապրում. անգամ ամենասովորական մարդն էլ այստեղ մի ուրիշ իմաստ ունի: Մարդիկ կապված են միմյանց հետ, իրար տուն առանց զանգելու են գնում, հաճախակի են հանդիպում, հենց այնպես, առանց պատճառի: Մի կարեւոր հանգամանք եւս ուշադրության արժանի է Քարվաճառում. սոցիալական բեւեռացում առանձնապես չկա, հա, մեկ էլ քաղքենիական վարքն է նկատելիորեն պակաս:
Քանի որ դեռեւս վերջնական ձեւավորված հասարակություն չկա, չկան նաեւ խիստ կարծրացած օրենքներ, այնպես որ մթնոլորտն այստեղ բավականին ազատ է: Միգուցե սխալվում եմ, սրանք ընդամենը մեկ ամսական դատողություններ են, սակայն ասում եմ այն, ինչ տեսնում եմ:
Կյանքի ռիթմն այստեղ դանդաղ է, սակայն ավելի հանգիստ ու իմաստավորված..ինչպես երեկ զրույցի ժամանակ մի հարգարժան տիկին նշեց, այս հողն իսկապես ձգող ուժ ունի, իսկ էդ նշանակում է, որ իրոք հայրենիք է…«Ու պետք չի մտածել, որ Հայաստանը միայն Երեւանն է», ավելացրեց նրա ամուսինը..
Այո, ճիշտ էր ուղիղ մեկ ամիս առաջ իրականացրած իմ' շատերի համար տարօրինակ, շատերի համար' անհասկանալի, ոմանց համար էլ' ոչ խելամիտ որոշումը: Այս բնությունն ափսոս է, որ իրենով չհիանանք, այս հողն ափսոս է, որ իր հայկական շունչը չվերադարձնենք, առանց այն էլ շատ է սպասել հայորդի զավակներին…
Չքնաղ Քարվաճառ, դեռ շատ ես լսելու հայ մանկան ճիչ ու դեռ իմ նման քանի՜սն են նշելու Քարվաճառ տեղափոխվելու իրենց մեկամսյակը, միամյակը, տասնամյակը…
Թամարա Գրիգորյան