Քարվաճառյան առօրյա. ուրբաթ օրը մարզադպրոցում վոլեյբոլի շրջանային մրցույթ էր

Նոյեմբերի 30-ին Քարվաճառի մարզադպրոցում հանդիպեցին Քարվաճառ քաղաքի, Ականաբերդ եւ Նոր Վերինշեն գյուղերի վոլեյբոլի 1994 թ. ծնված եւ փոքր տարիքի տղաների վոլեյբոլի թիմերը: Մրցույթը անցկացվում էր Շահումյանի շրջանային առաջնության շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է մրցույթի կանոնակարգը, առաջնության նպատակն է վոլեյբոլի մասսայականացումը շրջանում, մարզիկների մարզական վարպետության բարձրացումը, ինչպես նաեւ լավագույն մարզիկների ի հայտ բերումը` շրջանի հավաքական թիմը համալրելու համար: Առաջնության ընթացքում ամենալավ արդյունքները ցուցաբերած թիմը կներկայացնի շրջանը Արցախի վոյելբոլի առաջնությունում:
Խաղից առաջ դպրոցականներին ողջունեց ԼՂՀ Շահումյանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Պյոտր Հակոբյանը, նշելով, որ խաղի մեջ կարեւորն արդարությունն է եւ հաջողություն մաղթեց մասնակիցներին:
Առաջին` Քարվաճառ-Ականաբերդ հանդիպումն ավարտվեց 0-2 (12:25, 11:22) հաշվով: Հաջորդ' Նոր Վերինշեն-Ականաբերդ խաղում ևս հաղթեցին ականաբերդցիները և ապահովեցին առաջին տեղը: Խաղն ավարտվեց 0-2 (3:25, 12:25) հաշվով:
Երկրորդ տեղի համար Քարվաճառ-Նոր Վերինշեն խաղում քարվաճառցի պատանիները մրցակցին հաղթեցին 2-0 (25:7, 25:20) հաշվով: Առաջին տեղը գրաված Ականաբերդի թիմի անդամներն ստացան պատվոգրեր եւ դրամական պարգեւ, իսկ երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցրած թիմերն ստացան դիպլոմներ: Չորրորդ'Եղեգնուտ գյուղի թիմը չէր ներկայացել, եւ նրա հաշվին պարտություն գրանցվեց: Նշենք, որ առաջնությունը կազմակերպվում է Շահումյանի շրջանի վարչակազմի կողմից:
Նոյեմբերի 30-ին Քարվաճառի դպրոցում երեխաների ոգեւորությունը մեծ էր. երեխաներն եկել էին դիտելու իրենց ընկերների խաղն ու նրանց ոգեւորելու:
Նայում էի խաղն, ու աչքերս իրենք իրենց լցվում էին տաք արտասուքով: Ցանկանում էի մոտենալ բոլոր երեխաներին ու անկախ թիմի պատկանելությունից ասել` էրեխեք ջան, էսօրվա խաղի արդյունքները կապ չունեն, դուք բոլորդ, ամենքդ առանձին-առանձին հաղթել եք, քանի որ բոլորդ ազատագրված հայրենիքում եք ապրում, դուք էսպես բոլորդ ուս ուսի ձեր հայրենիքի սահմանն եք պահելու, իսկ հիմա բոլորդ սպորտով զբաղվեք, որ ֆիզիկապես ուժեղ լինեք…
Թամարա Գրիգորյան