Նոր Գետաշեն համայնքի ղեկավար. մի օր գետաշենցիներով հասկացանք, որ կարելի է նոր Գետաշեն հիմնել

Նոր Գետաշեն համայնքի գյուղապետ Ալեքս Նազարյանին հանդիպեցինք իր տանը: Աշխույժ ու հյուրընկալ համայնքապետը, պատասխանելով հարցերին, սկսեց հիշել գյուղի ձեւավորման պատմությունը:
«Նոր Գետաշեն համայնքը ձեւավորվել է գետաշենցիների, շահումյանցիների կողմից 2000 թվականից: Հյուսիսային Արցախից, այսինքն իմ բնակավայրից բռնագաղթվելուց հետո ապրել եմ տարբեր տեղերում, բայց ամեն տեղ էլ ինձ օտար էի զգում, չէի հարմարվում: Մի օր մի քանի գետաշենցիներով հավաքվեցինք, եկանք էստեղ: Երբ տարածքը տեսանք, հասկացանք, որ կարելի է նոր Գետաշեն կառուցել», պատմում է գյուղապետը' հայրենիքի կարոտն աչքերում պահած:
Համայնքը հիմնելուց հետո գետաշենցիներն անվանել են այն իրենց ծննդավայրի անունով' Նոր Գետաշեն:
Այժմ համայնքում հաշվառված են 241 բնակիչ, բայց ինչպես նշեց համայնքի ղեկավարը, երեք ընտանիք բացակայում են, ու գյուղից գնացել են թերեւս վերջնական: Այժմ գյուղում կա 223 փաստացի բնակիչ:
«Մարդիկ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ: Այժմ 25 հոգի աշխատում է դպրոցում: Սա նշանակում է, որ համայնքի գրեթե բոլոր ընտանիքներից դպրոցում մարդ է աշխատում: Համայնքապետարանում աշխատում է 7 հոգի: Շրջանի համայնքներից մոտ 10-15 հոգի պայմանագրային զինծառայողներ կան: Սա փրկություն է մեր համայնքի համար: Տղամարդը հա´մ իր սահմաններն է պահում, հա´մ իր ընտանիքն է պահում: Ցավոք ունենք նաեւ երեք արտագնա աշխատողներ», գյուղի մասին, ինչպես իր ընտանիքի մասին պատմում է գյուղապետը. հատ-հատ գիտի, թե ով որտեղ է աշխատում, ով ինչ խնդիր ունի:
Գյուղում հրատապ է նոր բնակարանների հարցը: Քանի որ գյուղում նոր բնականաններ չկան, նոր ընտանիքներ չեն տեղափոխվում, եւ դեռ ավելին' հենց գյուղում երիտասարդ ընտանիքներ կան, ովքեր բնակարանի կարիք ունեն:
«Սա ամբողջ շրջանի ու առհասարակ' ամբողջ Արցախի խնդիրն է: Որպես համայքնի ղեկավար' շատ կուզեի նորապսակների համար բնակարաններ կառուցվեին, որպեսզի մեր երիտասարդ զույգերը մնային այստեղ: Շատ վատ է, եթե մեր երիտասարդները թողնեն այս տարածքը: Սակայն շատերն արդեն պետք է ամուսնանան, բայց տներ չկան, որպեսզի նոր ընտանիքն ապրի: Հենց հիմա մի երիտասարդ ընտանիք կա, նրանց տվել ենք մի ընտանիքի բնակարան, ովքեր այժմ գյուղից տեղափոխվել են:
Կառավարությունն ասում է, որ այժմ չի կարող նոր տներ կառուցել, մենք էլ հասկանում ենք: Ես միշտ էլ պահանջում եմ բնակարան, բայց միշտ իրենց դրության մեջ էլ եմ մտնում», պատմում է Ա. Նազարյանը:
2000 թվականի հետ համեմատած' գյուղում կենսապայմանները շատ են փոխվել:
«2000 թվ.-ին երբ եկանք, առաջին երեք տարին հոսանք չունեինք, շատ էինք դժվարանում: Հիմա ինտերնետ չունենք, կարիքը շատ ենք զգում, բայց մենք առանց հոսանքի էլ ենք ապրել տարիներով: Մի քանի տարի մեր համայնքների վիճակը շատ վատ էր, հույսով ապրում էինք: Մեր գյուղում 20-25 ընտանիք էր ապրում, բայց մի ընտանիքի նման էինք, երեկոները հավաքվում էինք, տարբեր խաղեր էինք խաղում, այդպես կրճատում էինք մութ ու ցուրտ գիշերները: Բայց ասեմ նաեւ, որ չնայած դժվարություններին' էն ժամանակ կյանքն ավելի հետաքրքիր էր, մարդիկ ավելի կապված էին իրար հետ: Հետո հոսանքը տվեցին, հեռուստատեսություն ունեցանք: 10-12 տարվա ընթացքում մեր առաջընթացն ակնհայտ է: Իհարկե, հիմա էլ կան դժգոհող մարդիկ, բայց առաջընթացն ակնհայտ է», անցած դժվար տարիներն է հիշում գյուղապետը:
Նոր Գետաշեն գյուղում 2001 թ.-ից բուժկետ կա, մասնագետ է աշխատում:
Ճանապարհներն արդեն լավ են, ու գյուղապետի կարծիքով' դրա շնորհիվ հարազատներից հեռավորությունն էլ է հաղթահարվում:
Գյուղն ունի մշակույթի ակումբ, միջոցառումներ են կազմակերպում: Խմբակներ չեն գործում, քանի որ մասնագետներ չկան: «Եթե լինի, ես էլ կհետեւեմ, կպահանջեմ, որ մասնագետների համար հաստիք տան: Խմբակներ բացելու համար նաեւ երեխաների որոշակի թիվ է պետք, որ գյուղում չկա», ամփոփեց գյուղապետը:
Նոր Գետաշենին հրաժեշտ տվեցի մի խորունկ ցանկությամբ' որ մի օր էլ այցելեմ Գետաշեն ու նյութեր պատրաստեմ հայոց ազատագրված Գետաշենի մասին…
Թամարա Գրիգորյան